Ամերիկացի բանտարկյալը փոխել է հագուստը և հեռացել բանտից

19:06 • 31.10.17

ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիա նահանգում բանտարկյալ Թոդ Ուեյն Բոյսը փոխել է հագուստը և փախել բանտից: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդու անհետացումը չեն նկատել մի ամբողջ օր, ընդ օրում` պահակները պնդում են, որ հաշվել են բանտարկյալներին: Բոյսին հաջողվել է բռնել չորս օր անց՝ Մեքսիկայի սահմանին, որտեղ նա փորձել է ներթափանցել:

Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչների խոսքով՝ տղամարդը փախել է հոկտեմբերի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 6-ին: Հայտնի է, որ փախչելուց առաջ տղամարդը տաբատ և սվիտեր է հագել, սակայն չի հաղորդվում՝ ով է փոխանցել նրան հագուստը:

Նշվում է, որ ոստիկանությունը որոնել է տղամարդուն որպես զինված և վտանգավոր հանցագործի, ընդ որում` տեղական իշխանությունները պնդել են, որ նա իր հետ զենք չի վերցրել:

Հայտնի է, որ սույն թվականի սեպտեմբերին Բոյսը մեղադրվել է սպանության փորձի համար, երբ մխրճվել է ոստիկանական ավտոմեքենայի մեջ: Հոկտեմբերի 27-ին նրան պետք է դատավճիռ ներկայացվեր: Տղամարդուն սպառնում էր 3-20 տարի ժամկետով ազատազրկում: