Wikileaks-ի հրապարակած Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը տրամադրել է Պետդեպը. Ասանժ

14:49 • 31.10.17

Wikileaks ընկերության հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ կազմակերպության հրապարակած ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը տրամադրել է Պետքարտուղարությունը: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:


«Wikileaks-ի հրապարակած Քլինթոնի հազարավոր նամակներ չեն կոտրվել, այլ ստացվել են ԱՄՆ-ի պետքարտուղարությունից՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հիման վրա, 2016 թվականի մարտի 3-ին», -գրել է Ասանժը:


2015 թվականին մեծ սկանդալ է տեղի ունեցել այն պատճառով, որ Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում գտնվելու ժամանակ ծառայողական նպատակներով օգտագործել է անձնական էլեկտրոնային փոստը: Ավելի ուշ նա արտաքին քաղաքական գերատեսչությանն է հանձնել իր աշխատանքային ամբողջ նամակագրությունը (55 հազար նամակ), իսկ անձնական (ավելի քան 30 հազար նամակ) նամակագրությունը ջնջել է սերվերից, ինչի համար խիստ քննադատության է արժանացել: