Բելառուսը որս է հայտարարել օտարերկրյա զբոսաշրջիկների նկատմամբ. Լապշինի նոր գրառումը
Բեռալուսն աշխարհում ավելի ու ավելի է ասոցացվում «չարիքի առանցքի» և «Եվրոպայի վերջին բռնապետության» հետ, գրել է Ադրբեջանից վերջերս հեռացած բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր puerrtto.livejournal.com բլոգում:
«Նախ (նախագահ Ալեքսանդր) Լուկաշենկոն Մինսկի բանտում պահում էր ինձ՝ կասպյան սուլթան (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևի խնդրանքով, այնուհետ ճապոնացի արվեստագետ Դաիչի Յոշիդային, իսկ այնուհետև ձերբակալվեց ֆրանսիացի ճանապարհորդ Ժալյան Վիյեն: Խեղճ տղայի ամբողջ մեղքն այն է, որ նա Բելառուսից Ուկրաինա գնալիս ազնիվ կերպով մոտեցել է մաքսայիններին և հայտարարագրել նվեր ստացած հուշանվեր փամփուշտը»,- գրել է բլոգերը:
Դրանից հետո նրան ձերբակալել են, ձեռնաշղթաներով տեղափոխել Գոմելի մեկուսարան, մեղադրել զենք-զինամթերքի մաքսանենգության համար: Ուկրաինայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:
Լապշինը նշել է, որ Ժալյանն ապրում էր Լոնդոնում, այնուհետ որոշել է արկածներ փնտրել: Նա այցելել է Իսպանիա, Իտալիա և մի քանի այլ երկրներ:
«Այնուհետ նա գործեց իր կյանքի ամենամեծ սխալը՝ հատեց բելառուսական սահմանը և հայտնվեց Լուկաշենկոստանում… Այսօր այդ երկիրն այլ կերպ չես կարող անվանել, քան Եվրոպայի կենտրոնում Հյուսիսային Կորեա»,- գրել է Լապշինը:
Բլոգերի խոսքով՝ ֆրանսիացուն պահում են դաժան պայմաններում՝ լցված խցում, զրկում են ընտանիքի հետ տեսակցության իրավունքից, երկար ժամանակ նրան թույլ չէին տալիս փաստաբանի և Ֆրանսիայի հյուպատոսի հետ հանդիպում:
Լապշինը նշում է, որ աղմուկի բարձրացումից ի վեր Գոմելի մաքսային ծառայությունը ոչնչացրել է նրա մաքսային հայտարարագրումը, որում նա նշել էր, որ իր հետ փամփուշտ է տանում:
«Դա ինձ հիշեցրեց, թե ինչպես էր Մինսկի թիվ 1 մեկուսարանի ղեկավարի տեղակալ, փոխգնդապետ Ցեդրիկը Ադրբեջան արտահանձնումից մեկ օր առաջ ինձնից Բելառուսում լրացուցիչ պաշտպանության դիմում ստացել: Հայտարարությունը պետք է փոխանցվեր Բելառուսի ՆԳՆ, բայց վերևից հրահանգով այն պարզապես ոչնչացրին: Եվ այնուհետև ՆԳՆ ղեկավարն իր հարցազրույցում հայտարարեց, որ ես ոչ մի հայտարարությամբ չեմ դիմել»,- գրել է Լապշինը:
Բլոգերը նաև նշել է, որ այդ նույն փոխգնդապետն իրեն սպառնում էր՝ Ռուսաստանի հյուպատոսին անմարդկային պայմանների մասին բողոքելու դեպքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Լապշինը լքել է Ադրբեջանի տարածքն ու մեկնել Իսրայել:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշվել է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»:
Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:










