Հոգևորականները Պողոս Առաքյալի ռեինկարնացիան չեն. Կոմիտաս վարդապետը էնդեմիկ թռչուններ որսացող Տեր Ղևոնդ քահանայի մասին
Tert.am-ի հետ զրույցում Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանն անդրադառնում է Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա (Արարատ) Գափոյանի կողմից տարբեր, այդ թվում՝ «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների, սպանությանը:
- Տեր Կոմիտաս, բնապահպանական կայքերից մեկը հրապարակեց Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովվի՝ Տեր Ղևոնդ քահանա (Արարատ) Գափոյանի լուսանկարները՝ որսի ժամանակ: Նախ, մի կողմ թողնենք, որ սպանված կենդանիներն ընդգրկված են Կարմիր գրքում և սկսենք նրանից, որ տասը պատվիրաններից երրորդն ասում է՝ «մի սպանիր»:
-Մի սպանիր մարդուն, ոչ թե կենդանիներին, սիրելիս: Այսինքն, եթե ասում են՝ «մի շնացիր», դա վերաբերում է նաև կենդանիների՞ հետ հարաբերությանը: «Մի սպանիր»-ը վերաբերում է մարդ արարած սպանելուն:
-Իսկ կենդանի սպանել կարելի՞ է:
-Ուզում եմ Ձեզ հարցնել՝ եթե Ձեր տանը հայտնվի մուկ կամ առնետ, ինչպիսի՞ պատվի կարժանացնեիք մկանը և առնետին: Ես էլ, եթե իմ տանը առնետ հայտնվի, հոգևորական լինելով հանդերձ՝ ես կոչնչացնեմ նրանց:
-Խոսքը մկան և առնետի մասին չէ, այլ Կարմիր գրքում գրանցված կենդանիների:
-Չեմ կարող ոչինչ ասել, բայց երբ Դուք օրինակ եք բերում «Մի սպանիր»-ը, դա շատ անտեղի է:
-Որքան տեղյակ եմ՝ այլ կրոններում անգամ մժեղ սպանելը մեղք է:
-Եթե Հնդկաստանում առնետապաշտություն կա, չի նշանակում, որ մենք էլ Հայաստանում առնետապաշտություն պետք է ներմուծենք: Հիմա, եթե խոսքը վերաբերում է այդ քահանային, որ որսորդությամբ է զբաղվել, որերորդ անձն եք, որ զանգում եք, հարցնում եք։ Բոլորին ասում եմ՝ դիմեք իր հոգևոր առաջնորդին, ամենակարևորը իր առաջնորդի կարծիքն է: Ես ո՞վ եմ՝ պարզ հոգևոր հովիվ:
-Ամեն դեպքում, կենդանի էակ սպանելը...
-Կենդանի էակ սպանելու հարցը մի քիչ այլ է: Հիմա Դուք, եթե խոսքը կենդանական աշխարհին է վերաբերում, խորոված ուտո՞ւմ եք: Վստահ եմ՝ հավ էլ եք ուտում, տավարի միս էլ:
-Ես ուտում եմ, բայց բազմաթիվ մարդիկ կան, որ չեն ուտում:
-Բայց դա չի նշանակում, որ բոլորը պետք է չուտեն: Մարդիկ կան, որ հումակեր են: Ես 30 տարի է՝ մսեղեն բերանս չեմ դնում: Ես կարո՞ղ եմ պահանջել, որ բոլորը իմ նման մսեղեն չուտեն:
-Հիշում եք՝ վերջերս մի դեպք էլ եղավ, որ հոգևորականը գնացել էր «կարաոկե», այնտեղ վեճի էր բռնվել անվտանգության աշխատակիցների հետ:
-Այո, սա հրաշալի… այնքան է դուրս գալիս, հոգևորականը, վերջապես նաև մարդ է: Հոգևորականները Պողոս առաքյալի ռեինկարնացիան չեն: Կամ Հակոբոս առաքյալի: Մարդիկ են, կարող են իրենք էլ սխալվել: Քրիստոս ասաց՝ շատերն են կանչվածները, քչերն են ընտրվածները: Այն, ինչ մարդկային է, մարդկային է: Ինչո՞ւ մենք մի անձի կատարածով ամբողջ եկեղեցին քննադատենք: Մարդ է, երիտասարդ տղա, գնացել է ընկերների հետ, երևի մի երկու գավաթ էլ ընկերները ստիպել են, որ խմի, գլուխը տաքացել է, ինչ-որ մի սխալ է արել: Հիմա բռնենք, մատի փաթաթա՞ն դարձնենք:
- Քրիստոնեաբար մոտենանք, փաստորեն:
-Քրիստոնեաբար վարվելը վերաբերում է մարդուն: Ներողամտությունն է ամենակարևորը, ինչո՞ւ ես քո աչքի գերանը թողած, եղբորդ աչքի շյուղը որոնում: Քրիստոնեությունը սրա՝ ներողամտության մեջ է:










