Գնչուհին «թուղթուգիրը» հանելու համար հայուհուց խաբեությամբ 7 մլն ռուբլի է շորթել
ՌԴ Չելյաբինսկ քաղաքում մոտ մեկ տարի տևել է «թուղթուգիր» հանելու գործով հետաքննությունը: Նշվում է, որ 2016թ. դեկտեմբերին 35-ամյա գնչուհին փողոցում պատահական մի կնոջ է տեսել ու նրան ասել, որ իր վրա «թուղթուգիր» կա:
Ինչպես նշում է 1obl.ru կայքը, կինը, որին մոտեցել է գնչուհին, եղել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչ: Գնչուհին ասել է, որ ինքը խոշոր գումարի դիմաց կարող է հանել «թուղթուգիրը» մոգության մի քանի սեանսի միջոցով:
Վախեցած հայուհին հավատացել է այդ ամենին ու համաձայնել առաջարկին, որի հեղինակը քաջ գիտակցել է, որ ոչ մի գերբնական կարողությամբ էլ օժտված չէ ու իրականում ոչ մի օգուտ չի կարող տալ կնոջը:
Մի քանի հանդիպման ընթացքում կինը գնչուհուն տվել է 45.000 ռուբլի արժողությամբ 2 բջջային հեռախոս, 1.925.490 ռուբլի արժողությամբ և 1 կգ քաշով ոսկերչական իրեր, ինչպես նաև առանց ընտանիքի մյուս անդամների իմացության տնից վերցված 5.1 մլն ռուբլի:
Հետաքրքրական է, որ «թուղթուգիր» հանելու պատրվակով խաբված հայուհուց ստացած 7 մլն ռուբլիով գուշակը Սվերդլովսկի մարզում տուն է գնել, վերանորոգել ու կահավորել այն:
Սակայն երբ խաբեությունը բացահայտվել է, գնչուհին տունը գրանցել է տուժածի անունով: Այդպիսով՝ հայուհուն է վերադարձվել 4 մլն ռուբլին: Գուշակի դեմ քրեական գործ է հարուցվել: Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:










