Նման գնաճի դեպքում հնարավոր չէ սոցիալական բունտ չլինի, եթե չլինի, ուրեմն համապատասխանում է ժողովրդի գնողունակությանը. ՀՀԿ նախկին պատգամավոր

19:55 • 31.10.17

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, նախկին ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում խոստովանում է՝ այս կառավարության կողմից չի  տեսնում ներկա գնաճը զսպելուն ուղղված որևիցե քայլ: «Առանց այդ էլ մի լավ վիճակի չենք, հիմա նորից այդ անզուսպ գնաճի պայմաններում ավելի կվատթարանա մեր  վիճակը»,-ասաց նա: ՀՀԿ-ականը կանխատեսում է՝ այդ գնաճի պայմաններում հնարավոր չէ, որ սոցիալական բունտ չլինի: «Եթե չլինի, ուրեմն այդ գնաճը համապատասխանում է այս ժողովրդի գնողունակությանը»,-ասաց նա և հավելեց, թե ամենամեծ լուծումն այն է, որ պետք է օլիգարխներին զսպեն և ստացված ազգային եկամուտը ճիշտ բաշխեն: «Այսօր այդ գնաճից, եթե 99 տոկոսը տուժում է, ապա 1 տոկոսը սարսափելի հարստանում է»,-ասաց նա:

-Պարո՛ն Հարությունյան,  որպես  իշխանության մեջ մեծ փորձ ունեցող Հանրապետական, ինչպե՞ս եք գնահատում այս կառավարության գործունեությունը: ԱԺ-ում քննարկվում է 2018թ-ի բյուջեն, ըստ որի՝  3 տարի նվազագույն աշխատավարձ, թոշակ չեն բարձրացնելու, զուգահեռ, եթե նկատում եք, առաջին անհրաժեշտության ապրանքների գներն են աճում:

-Բայց այս հարցն ինչո՞ւ եք ինձ ուղղում, ես արդեն թոշակառու եմ…բայց իհարկե, դա շատ վատ երևույթ է, էդ ո՞ր մեկին է ձեռք տալիս գնաճի այսպիսի անզուսպ զարգացումը, ոչ մեկին էլ դա ձեռք չի տալիս, ոչ մեկն էլ չի ծափահարում: Իսկ որ ներկայացված բյուջեով թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանում, շատ բացասական եմ գնահատում, հետևապես դա գործող կառավարության մեղքն է, որ չի կարողացել համապատասխան տնտեսական քաղաքականության միջոցով այնպես անի, որ  գոնե մինիմալ ձևով բարձրանա և՛ թոշակները, և՛ աշխատավարձերը: Չեմ կարծում, որ դա որևիցե մեկը՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն, նման զարգացում ցանկանա, որովհետև բյուջեն առաջին հերթին ժողովրդին է վերաբերում, պետությանը, հետևաբար դոփել տեղում, կարծում եմ դրական երևույթ չէ:

-Իսկ դուք գնումներ անո՞ւմ եք, նկատե՞լ եք առաջին անհրաժեշտության ապրանքների գների տարբերություն կա, թե ոչ:  

-Այո, խանութներ գնում եմ, եթե ես էլ չեմ գնում, ապա վերջում ծանոթ ենք, մեկ-մեկ մտնում եմ,  ու կարծես թե ով ինչ գին ուզում՝ դնում է: Սա ոչ թե գնաճ է, այլ կարծում եմ, որ սա տնտեսվարողներից էլ է գալիս: Դրա համար կան համապատասխան ծառայություններ, որոնք պետք է իրապես ստուգեն,  որ տեսնեն էդ գները ռեա՞լ են բարձրանում, թե սովորական սպեկուլյացիա է, որովհետև այսպիսի  թռիչքաձև գնաճ, ոնց որ հիմա է, չի լինում:

- Օրինակ` կարագը 50-60 %, միսը՝ 20-30 տոկոս:

-Այո, օրինակ` ասում են միսը թանկացել է, նախ ինչի՞ են թույլ տալիս, որ այդ եղած միսը արտահանելով  երկու-երեք հոգի հարստանան, իսկ մնացածը մնան կոտրած տաշտակի առաջ: Բազմաթիվ ձևեր կան չէ՞ այդ գնաճը զսպելու համար, այսօր ես չեմ տեսնում, որ որևիցե  քայլ է արվում, որ այդ գնաճը զսպվի: Մեր միսը արտահանում են, հետո էլ ասում են, թե միջազգային շուկա... ի՞նչ կապ ունի միջազգային  շուկան, ներքին ռեսուրսների արտահանումը միջազգային շուկայի գնաճի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, երևի տեղյակ եք, հունվարի 1–ից էլ նոր թանկացման ալիք է սպասվում: Խմիչքների և ծխախոտի գները, Մաքսային միության կարգավորումներին համապատասխանեցվելով և ակցիզային հարկով պայմանավորված, ևս թռիչքաձև  կթանկանան: Նոր տարում միակ ազդակը կառավարությունից կարծես գոտիները ձգելու ազդակն է:

- Դժբախտաբար իրականությունը դա է, ես քիչ առաջ էլ ասացի, որ կան պետական համապատասխան մարմիններ, որ այդպիսի քաղաքականություն վարեն, գոնե զսպեն թռիչքաձև գնաճը, 10, 30, 50 տոկոս, այդպիսի գնաճերը, իհարկե, կործանարար են մեր ժողովրդի համար, որովհետև առանց այդ էլ մի լավ վիճակի չենք, հիմա նորից այդ անզուսպ  գնաճի պայմաններում ավելի կվատթարանա մեր  վիճակը:   

-Իսկ հասարակությանն այս  պայմաններում ի՞նչ է մնում անել՝ պահանջել կառավարության հրաժարակա՞նը, թե հերթական հորդորը լսել և գոտիները ձգել:  

-Ես արդեն չեմ կարող ժողովրդի անունից խոսել, բայց դա, այո՛, ըստ երևույթին սոցիալական բունտի կվերածվի, որովհետև այդ գնաճի պայմաններում հնարավոր չէ, որ սոցիալական բունտ չլինի: Եթե չլինի, ուրեմն այդ գնաճը համապատասխանում է այս ժողովրդի գնողունակությանը: Այսինքն՝ ունեն չէ՞,  որ գնում են, հետևապես այսօր, եթե այդ գնաճի դեմ որևիցե պայքարի քայլ չեմ տեսնում, հետևապես այդ ժողովուրդը կարողանում է գնել:

-Բայց մեկ այլ տարբերակ էլ կա չէ՞, երբ լուռ արտագաղթում են, ինչ ունեն–չունեն վաճառելով, գնում են երկրից:

- Լավ հա, էդ ով է՞ տուն առնում, որ դրանք էլ վաճառեն գնան, այսօր տուն առնող չկա, որ վաճառեն:

-Դե վերջին տարբերակով Ռուսաստան կարող են գնալ:

-Դե հա, տները հենց այնպես թողնում գնում են: Ռուսաստան գնում են, դա հեշտ է: Բայց այդ գնաճը ինչ-որ վատ բանի բերելու է, չի կարող պատահի՝ այս գնաճը, որ կա, որ միսը 3000-4000 դրամ է դարձել, կարագը կրկնապատկվել, դարձել է 1 կգ-ը  մոտ 4000 դրամ: Եղած պաշարները դեռ կարողանում են առնեն,   հետո, երբ չեն կարողանա առնել, ծխախոտն ու  խմիչքն էլ, որ թանկանան, այդ դեպքում  նոր ապրանքներ էլ  կգումարվեն և չգիտեմ ինչ կլինի: Երբ մարդը չի կարողանում իր հանապազօրյա  պահանջները բավարարել, բնականաբար առաջանում է սոցիալական բունտ:

-Հիմա Ֆինանսների  նախարար Վարդան Արամյանն ասում է`  ի՞նչ անենք, գնանք պարտք  վերցնենք, որ թոշակ բարձրացնենք, հիմա ուզում ենք  հիմքեր ստեղծենք, որ  կայուն աճ լինի…

-Բա հարցնեի՞ք այդքան, որ վերցրել են, ի՞նչ  են արել, որ արդեն 7 մլրդի է հասնում,  դե ինչ վերցրել են, դրանով թոշակները բարձրացնեն, ոչ թե նոր պարտք վերցնեն: Այնպես, որ այդ պատկերը` թոշակներ, աշխատավարձեր բարձրացնելը  դա հարցի լուծում չէ, ամենամեծ լուծումն այն է, որ պետք է օլիգարխներին զսպեն, պետք է այդ ստացված ազգային եկամուտը ճիշտ բաշխեն: Այսօր այդ գնաճից, եթե 99 տոկոսը տուժում է, ապա 1 տոկոսը սարսափելի հարստանում է: Այդ գնաճը բերում է դրան: Ես տնտեսագետ չեմ, բայց կարծում եմ, որ գնաճից այդ քիչ օգտվողները միլիարդներ են դիզում, չկարծեք, թե նրանք շատ մտահոգված են, ոչ բարոյական ամոթ ունեն, ոչ էլ այլ բան, ասեն` այ մարդ, էս ի՞նչ ենք անում, իրենց հետաքրքրում է միայն գերշահույթը, երբ շահույթը կա:   

-Դուք կարծո՞ւմ ես նման վիճակը ներկա կառավարության քաղաքականության հետևանք է, թե ուղղակի ժառանգություն են ստացել և փորձում են  ինչ-որ կերպ տնտեսական խնդիր լուծեն:

-Ես չեմ կարող ասել, ասացի` տնտեսագետ չեմ, բայց պետք է օբյեկտիվ լինել, քանի որ կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Գնաճ կարող է լինել, բայց ոչ այսպիսի տեմպով: Գնաճ միշտ լինելու է, քանի գնա՝ ապրանքների  գները բարձրանալու է, բայց դրա հետ մեկտեղ,  նորմալ երկրներում պետք է թոշակ, աշխատավարձ համապատասխան ձևով բարձրանա: Աշխարհի, երևի, ոչ մի երկրում չի եղել, երբ միսը 2 000 դրամից դառնում է 4000 դրամ, դա ի՞նչ գնաճ է, դա ապրանքների արհեստական կրկնակի,եռակի թանկացում է կոչվում: Դա կոչվում է սպեկուլյացիայի քաղաքականություն, օգտվում են իրավիճակից և գներն այնպիսին են անում, որ մարդիկ ստիպված առնում են, ինչ անեն: Դա ինչ իմանամ  շատ վատ հետևանքների կբերի, եթե դեմը չառնեն: Էն կառույցի ղեկավարն ո՞վ էր, Արտակ Շաբոյանը, (նկատի ունի ՏՄՊՊՀ նախագահը–հեղ.), ասում է` դրանում վատ բան չկա, որևիցե  անհանգստանալու բան չկա, կարագը Նոր Զելանդիայում թանկացել է, այստեղ էլ է  թանկանում: Բայց ոչ մեկ չի ասում, Նոր Զելանդիայում քանի՞ տոկոս է թանկացել և այստեղ ինչքան է: Կամ, ենթադրենք ամբողջ աշխարհում թանկացել է, ի՞նչ տոկոսով է  թանկացել: Մենակ ասում են միջազգային գները թանկացել են, ո՞վ է ստուգել, որևիցե մեկը ստուգե՞լ է: Այնպես որ, պետք է պետական միջոցառումներ անցկացնեն, որպեսզի գնաճը զսպման մեխանիզմը գտնեն: