Հս. Կորեան մինչև Եվրոպա հասնելու հնարավորությամբ հրթիռներ է ստեղծել. Ճապոնիայի վարչապետ

14:10 • 31.10.17

Հյուսիսային Կորեան ստեղծել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել մինչև եվրոպական երկրներ, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Տոկիոյում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ հանդիպման ժամանակ:

«Դա իրական սպառնալիք է միջազգային հանրության համար»,-ընդգծել է Ճապոնիայի ղեկավարը, որի համոզմամբ՝ այժմ հարկավոր է ոչ թե բանակցել, այլ առավելագույն ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ, որպեսզի այդ երկիրը հրաժարվի միջուկային ու հրթիռային ծրագրերից:


Ինչպես նշում է tass.ru-ն, իրենց համատեղ հայտարարությունում Աբեն և Սթոլթենբերգը Փհենյանից պահանջել են վերջ տալ միջուկային և հրթիռային ծրագրերի զարգացմանը:

Հիշեցնենք, որ Կորեական թերակղզու շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վերջին մի քանի ամսվա ընթացքում Հյուսիսային Կորեան իրականացրել է մի քանի բալիստիկ հրթիռների, ինչպես նաև ջրածնային ռումբի փորձարկում՝ անտեսելով  ՄԱԿ-ի ու միջազգային հանրության կոչերը և նախազգուշացումները: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան: Մինչդեռ պաշտոնական Փհենյանը հակադարձել է՝ հայտարարելով, որ հաշված վայրկյանների ընթացքում իր հրթիռները կհասնեն ԱՄՆ ու կմոխրացնեն երկիրը: