ՀՀ-Իրան երկաթգիծ կառուցելու համար քննարկումները շարունակվում են. նախարար
Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են «2018թ. պետական բյուջեի մասին» նախագծի նախնական քննարկումները:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեց Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագրից:
«5-ամյա ծրագրում նախատեսվա՞ծ է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը»,- հետաքրքրվեց Արամ Սարգսյանը:
Ի պատասխան պատգամավորի՝ նախարարն ասաց. «Այսօր Հայաստանն ունի պայմանագիր ընկերության հետ, որը պարտավորություն է վերցրել ներդրումային ծրագիր ներկայացնել Հայաստան-Իրան երկաթգիծը կառուցելու համար։ Այդ ընկերության հետ քննարկումները շարունակվում են։ Արդյունքների մասին տեղյակ կպահենք»:
Արամ Սարգսյան էլ, օգտվելով արձագանքման իրավունքից, հարցրեց, թե ընդհանրապես ինչ քայլեր են արվում հայկական երկաթուղիների արդիականացման համար։ Նախարարը շեշտեց, որ «Հարավկովկասյան երկաթուղիների» ներդրման ծրագրերը 100. 3 տոկոսով կատարվում են և վերահսկվում։
«Այդ ծրագրերը հիմա շատ ավելի խիստ հսկողության տակ են, և ցանկացած ներդրումային ծրագրի համար մինչև նախագիծ չի ներկայացվում, այն չենք հաստատում», - եզրափակեց Վահան Մարտիրոսյանը:










