2 տարի 9 ամսվա ընթացքում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու 10 194 դիմում է  ստացվել, սակայն թվերը մտահոգիչ չեն. Մնացական Բիչախչյան

20:14 • 01.11.17

 

2015-ին, 2016 թվականներին և 2017 թվականի վերջին 9 ամիսներին ՀՀ քաղաքացիության դադարեցման համար  ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն է դիմել 10 հզր. 194 քաղաքացի:  Նույն ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 24հզր. 284 քաղաքացի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Հարցին`թվերը մտահոգիչ չե՞ն, քանի որ քաղաքացիության դադարեցման համար դիմումների աճի միտում կա, Մնացական Բիչախչյանը պատասխանեց, որ աճի միտում կա, բայց թվերը մտահոգիչ չեն. «Քաղաքացիություն ստանալն ու դադարեցնելը պրոգրես ապրող գործընթաց է: Բայց այն հանգամանքը, որ աննախադեպ աճ կա, անհանգստացնող է իրավիճակը և այլն, ես որպես մասնագետ այդ կարծիքին չեմ, թվերը մտահոգիչ չեն: Բացի դրանից` հարցին պետք է նայել նաև քաղաքացիություն ստանալու տեսանկյունից: Օրինակ` 2015 թվականի ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Անձնագրային և վիզաների վարչություն է դիմել 10 հզր 189 քաղաքացի,  2487 քաղաքացի դիմել է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար:  2016 թվականի ընթացքում 7229 քաղաքացի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու, իսկ 3863-ը՝ քաղաքացիության դադարեցման համար»:

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, Բիչախչյանն ասաց, որ  2017 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել 3844 անձ, իսկ քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել 6866 մարդ:

Մնացական Բիչախչյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու հիմնական պատճառը որոշ այլ երկրներում երկքաղաքացիության մասին օրենքի բացակայությունն է. «ՀՀ քաղաքացիները դիմում են այլ երկրի քաղաքացիություն ստանալու  համար, և այդ երկրից ուղղակի պահանջ է որպեսզի հրաժարվեն այն երկրի  քաղաքացիությունից, որի քաղաքացին հանդիսանում են: Ոչ թե նրանք հեռանում են ՀՀ-ից,  այլ ուղղակի անձն այլ երկրի քաղաքացիություն ստանալու իրավունք ունի և օգտվում է այդ իրավունքից: ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու 99 տոկոսը պայմանավորված է այլ երկրի քաղաքացիություն ստանալու հանգամանքով»: