Գերմանիայում Հելոուինի երեկույթի ժամանակ տուժել է 29 մարդ
Գերմանիայի Բավարիա երկրամասի Օբերտուլբա կոմունայում Հելոուինին նվիրված երեկույթի ժամանակ 29 մարդ տուժել է գրգռիչ գազից: Այս մասին հայտնում է Passauer Neue Presse-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի մեկի գիշերը: Երեկույթն անցկացվել է մեծ դահլիճում, և այնտեղ եղել է մոտ հազար մարդ:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ գազը տարածել են անհայտ անձինք: Դեպքի վայրում աշխատել է փրկարար ծառայության 40 աշխատակից: Երեք տուժած հոսպիտալացվել է, իսկ մյուսներին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում: Տուժածները բողոքել են շնչառության հետ կապված դժվարություններից և աչքերի գրգռվածությունից:
Նշվում է, որ միջոցառման կազմակերպիչները ստիպված են եղել ընդհատել երեկույթը և օգնել տարհանել այցելուներին: Այժմ Համելբուրգ քաղաքի ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները:










