Պուչդեմոնը Բրյուսելից Բարսելոնա չի վերադարձել
Պաշտոնից հեռացված Կատալոնիայի ժեներալիտետի՝ կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը Բրյուսելից Բարսելոնա չի վերադարձել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը կատալոնական մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի ժամանումների սրահից:
Ավելի վաղ La Vanguardia թերթը հայտնել է, որ Պուչդեմոնը վերադառնում է Բարսելոնա:
Նա և կառավարության յոթ նախկին աշխատակից Բրյուսել են մեկնել անցած հանգստյան օրերին: Ելույթ ունենալով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ կառավարության նախկին ղեկավարը հայտարարել է, որ ժամանել է Բելգիա՝ խուսափելու համար իրեն ուղղված սպառնալիքներից: Նա նշել է, որ կվերադառնա Կատալոնիա, երբ կտրվեն «երաշխիքներ», որոնք այժմ չկան:
Երեկոյան չվերթով Բարսելոնա է ժամանել առնվազն երկու քաղաքական գործիչ՝ ներքին գործերի խորհրդի նախկին ղեկավար Ժոակիմ Ֆորնը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին խորհրդական Դոլորս Բասսան:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Պուչդեմոնը մնացել է Բրյուսելում մյուս խորհրդականների հետ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է Իսպանիայի կառավարության կողմից այն ցրելու որոշումը և դադարեցրել աշխատանքը մինչ արտահերթ ընտրությունների անցկացումը:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին:
Ի պատասխան այս քայլի՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում Իսպանիայի սենատը կողմ է քվեարկել Կատալոնիայի կառավարությանն իշխանությունից հեռացնելուն և ինքնավար մարզում ուղիղ կառավարում հաստատելուն: Պաշտոններից հեռացվել են խորհրդարանի անդամներ, կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը: Պուչդեմոնը հայտարարել է, որ չի ճանաչում Իսպանիայի իշխանությունների որոշումները:










