ԵԱՏՄ անդամ դառնալով՝ մենք առաջին հերթին նպատակ ենք դնում ավելացնել անդամ երկրների հետ ապրանքաշրջանառությունը. ՀՀ նախագահ

13:44 • 01.11.17

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի կարգավիճակում Հայաստանն առաջին հերթին հետապնդել է Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ավելացման, ԵԱՏՄ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության ավելացման նպատակներ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:


«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի կարգավիճակում մենք առաջին հերթին հետապնդել ենք հենց այդ նպատակները, այսինքն՝ ԵԱՏՄ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության ավելացումը: Անցած տարի գյուղատնտեսական ոլորտում Ռուսաստան մեր արտահանման աճը կազմել է մոտ 40 տոկոս: Այս տարի ցուցանիշները փոքր-ինչ ավելի ցածր են, բայց 35 տոկոսից բարձր են»,- ասել է ՀՀ նախագահը:


Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում լավ տեմպերով զարգանում է ջերմոցային տնտեսությունը, և հավելել է, որ միևնույն ժամանակ գյուղատնտեսությունում կա աճի պոտենցիալ:


«Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ Հայաստանում գյուղատնտեսությունը շատ զարգացած է, բայց գոյություն ունի է՛լ ավելի մեծ աճի համար պոտենցիալ: Եթե խոսենք գյուղատնտեսության տեսակների մասին, որոնք մենք կարող ենք ուղարկել Ռուսաստան, միրգ-բանջարեղենն է, դրանց պահածոները, պանիրը, շատ բաներ: Եվ այդ ոլորտի հիանալի յուրահատկությունն այն է, որ մենք այստեղ չենք մատակարարում ինչ-որ մենաշնորհ ձեռնարկության արտադրանքը: Գյուղատնտեսությունում մեզ մոտ զբաղված է ավելի քան 350 հազար ֆերմերային տնտեսություն, այդ պատճառով եկամուտները հավասարաչափ են բաշխվում: Եվ դա շատ կարևոր է»,- ասել է Սերժ Սարգսյանը: