Իրավական անհեթեթություն է. Արման Թաթոյանը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին (տեսանյութ)

14:15 • 01.11.17

Մենք արդեն իսկ հայտարարություն ենք տարածել, որ դա իրավական անհեթեթություն է. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսկերպ արձագանքեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այն հարցին, որ 2018 թվականին իրեն հեռացնելու են ՄԻՊ պաշտոնից, քանի որ իր աշխատանքը չի գոհացնում իշխանություններին:

Դիտարկմանը, որ ոչ մի պաշտպան մինչև պաշտոնավարման վերջ չի մնացել, նա արձագանքեց. «ՄԻՊ-ն աշխատում է անկախության ու թափանցիկության ամենաբարձր աստիճանով: Հիմա կոնկրետ արտահերթ զեկույց ենք հրապարակելու, որ կարծում եմ՝ խիստ է, որովհետև խնդիրներ ենք հայտնաբերել՝ սկսած զսպման կամ հարկադրանքի միջոցների՝ սահմանված չափանիշներին անհամապատասխանեցումից մինչև գերբնակեցում, ժամկետանց դեղորայք և այլն: Մեկ ամսից դա կլինի, մինչև տարվա վերջ էլի արտահերթ զեկույցներ, կարծում եմ, կլինեն»:  

Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ իրենք հաճախ այս արտահերթ զեկույցների հիման վրա օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս, ինչպես նաև Սահմանադրական դատարան են ներկայացնում դիմումներ:

«Լիարժեք ծավալով աշխատանքը տանում ենք»,- եզրափակեց Արման Թաթոյանը:

ՀեղինակԱնի Օհանյան