Մոսկվան ու Երևանն աշխատում են համատեղ ներդրումային հիմնադրամի նախագծերի իրականացման վրա. ՀՀ նախագահ

11:27 • 01.11.17

Մոսկվան ու Երևանը մշակում են համատեղ ներդրումային հիմնադրամի շրջանակում նախագծերի իրականացման ճանապարհային քարտեզ, միջոցները կարող են ուղղվել այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտում նախագծերի ֆինանսավորմանը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:


Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման նախագիծը ներկայացվել է 2017 թվականի հունվարի վերջին: Դրա գործունեությունն ուղղված է լինելու ճյուղերի ֆինանսավորմանը, որոնք կարող են ապահովել երկրների միջև ապրանքաշրջանառության աճ, արդյունաբերական համագործակցության զարգացում, գրում է գործակալությունը:


«Ինչ վերաբերում է ռուս-հայկական հիմնադրամին, ապա մենք շարունակում ենք աշխատանքը: Վերջերս հիմնադրամի ներկայացուցիչները ժամանել էին Հայաստան: Եթե խոսենք ներդրումների համար ոլորտների մասին, ապա դա ՏՏ-ն է, էներգետիկան, բարձրտեխնոլոգիական արտադրանքը… Այժմ կողմերն աշխատում են ճանապարհային քարտեզի մշակման վրա»,- ասել է Սերժ Սարգսյանը: