Թուրք գործարար ու գործիչ Օսման Քավալային կալանավորել են՝ իշխանությունը տապալելու փորձի մեղադրանքով

17:01 • 01.11.17

Թուրքիայում կալանավորվել է թուրք գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալան, որը ձերբակալվել էր հոկտեմբերի 18-ին Ստամբուլում, հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Քավալային մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի հանրապետության սահմանադրական կարգը խախտելու և երկրի իշխանությունը տապալելու փորձի համար:

Թուրքական դատարանը պնդում է, որ Քավալան անմիջական մասնակցություն է ունեցել անցյալ տարի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպմանը:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեր առաջ մեկնաբանելով Քավալայի ձերբակալությունը՝ մեղադրել էր հայտնի բարերարին դավաճանության համար:

«Այս ժողովրդին ներսից հարվածողների դեմ մենք գլուխներս բարձր ենք կանգնելու, պատասխան ենք պահանջելու», - հայտարարել էր Էրդողանը:

Թուրք գործչի ձերբակալությունից օրեր անց Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կոչ էր արել իշխանություններին ազատ արձակել Օսման Քավալային:

«Օսման Քավալան իր ամբողջ կյանքում ջանք թափեց, որպեսզի այս երկիրն ապրելու երկիր դառնա: Ազա՛տ արձակեք նրան», - գրել էր հայազգի պատգամավորը սոցցանցերից մեկի իր էջում:

Հիշեցնենք, որ Քավալան նաև հիմնադրել ու ղեկավարում է թուրքական հայտնի «Անադոլու քյուլթուր» հիմնադրամը, որը զբաղվում է մշակութային փոխանակության ու մշակութային ժառանգության ուսումնասիրության լայնածավալ ծրագրերով Թուրքիայում, տարածաշրջանում և Եվրոպայում:

Ծնունդով Փարիզից թուրք գործիչը հովանավորել է նաև Դիարբեքիրի մշակութային տան, Պատմության հիմնադրամի ծրագրերն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի անդամ է: