Մենք ցանկանում ենք պահպանել ռուսաց լեզվի դասավանդման ավանդույթները. Սերժ Սարգսյանի հարցազրույցը РГ-ին

17:10 • 01.11.17

Այսօր ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր ռուսաց լեզվի ուսուցման և մեծացող սերնդի շրջանում դրա տարածման ավանդույթները պահպանելու համար: Այդ մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:


Հայաստանի նախագահը նշել է, որ ռուսաց լեզվի ուսուցման հայեցակարգը կապված չէ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ:


«Հայաստանում ռուսաց լեզվին միշտ լավ են վերաբերել, և այն միշտ լայն տարածված է եղել: Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունները կապված են հազարավոր թելերով, մենք շատ սերտ մարդասիրական համագործակցություն ունենք, և ռուսերենի իմացությունը պարզապես անհրաժեշտ է»,- ասել է Սերժ Սարգսյանը:


Նա նշել է, որ Հայաստանում ռուսերենի ուսուցումը սկսվում է 2-րդ դասարանից, իսկ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները և ՌԴ քաղաքացիների երեխաներն իրավունք ունեն մայրենի լեզվով սովորել դպրոցներում, կան դասարաններ, որտեղ ուսուցման գործընթացն ամբողջությամբ ընթանում է ռուսերենով:


«Այսօր ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր ռուսաց լեզվի ուսուցման և մեծացող սերնդի շրջանում դրա տարածման ավանդույթները պահպանելու համար»,- ասել է Հայաստանի նախագահը:


Սերժ Սարգսյանը նշել է, որ հանրակրթական ծրագրերի և առարկաների դասավանդման մեթոդաբանության արդիականացման նախագծերի շրջանակներում հատուկ ուշադրություն է հատկացվում մայրենի լեզվից բացի 2-3 օտար լեզուների, այդ թվում՝ ռուսերենի ազատ տիրապետման անհրաժեշտությանը: Սերժ Սարգսյանի խոսքով՝ այդ պատճառով ինչպես ռուսերեն, այնպես էլ օտար լեզուների ուսումնասիրության խորացման նման հայեցակարգեր են մշակվել:


«Այժմ Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը մշակում է կոնկրետ մեթոդաբանություններ, որոնք թույլ կտան բարձրացնել ռուսաց լեզվի ուսուցման որակը երկրի հանրակրթական դպրոցներում»,- ասել է Հայաստանի նախագահը: Նա հավելել է, որ չնայած չի կարող նշել հայեցակարգի ընդունման հստակ ժամկետները, բայց դրա ընդունմանը ոչինչ չի խանգարում:


«Դա, կարծում եմ, մի քանի ամսվա հարց է: Հայեցակարգի ընդունման հետ կապված ինչ-որ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունենա, որովհետև Հայաստանում ռուսերենի նկատմամբ վերաբերմունքը, կրկնում եմ, միշտ բարյացակամ է եղել»,- ասել է Սերժ Սարգսյանը: