Ուկրաինան ինձ ձերբակալելու համար չունի ո՛չ համապատասխան ուժ, ո՛չ էլ կատարողներ. Սաակաշվիլի

10:01 • 01.11.17

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ձեռնարկի իրական քայլեր իրեն ձերբակալելու ու արտահանձնելու համար, գրում է ուկրաինական korrespondent.net կայքը:

«Հիմարություն է, թե ինձ կարող են ձերբակալել Կիևում ցանկացած պահի, նրանք դրա համար չունեն ո՛չ համապատասխան ուժ, ո՛չ էլ կատարողներ: Այսօր Ուկրաինայում տեղի է ունենում տնտեսության և գործող իշխանության տապալման ակտիվ գործընթաց, ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանում Շևարդնաձեի ժամանակ»,- հայտարարել է Սաակաշվիլին Կիևից «Ռուսթավի-2»-ի եթերում:

Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ չի ցանկանում որևէ պաշտոն զբաղեցնել Ուկրաինայում և որ նրա նպատակն է իշխանափոխության հասնել խաղաղ ճանապարհով:

Նա նաև չի բացառել իր արտահանձնումը Վրաստանին, սակայն, Սաակաշվիլիի խոսքով, դա կարող է տեղի ունենալ միայն անօրինական ճանապարհով:

«Սովորական օրինական գործընթացներով նրանք դա անել չեն կարող: Նման պարագայում նրանք պետք է ինձ ձերբակալեն ու առնվազն մի քանի շաբաթ պահեն կալանքի տակ: Միակ ելքը ինչ-որ տեղ ինձ առևանգելն ու օդանավ մտցնելն է, սակայն դրանով իսկ կսկսվի Ուկրաինայի իշխանությունների տապալումը ժողովրդի կողմից, ինչպես նաև Վրաստանում օլիգարխ Իվանիշվիլիին վտարելու գործընթացի արագացումը», - ասել է Վրաստանի նախկին նախագահը:

Սաակաշվիլին հավաստիացրել է, որ հրաշալիորեն գիտակցում է, թե ինչպես վարվել ցանկացած պարագայում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ նա ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել այն ստանալիս:

Սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին ոտքով հատել է լեհ-ուկրաինական սահմանային անցակետը և մուտք գործել Ուկրաինա։ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական ապաստան էր խնդրել Ուկրաինայից սեպտեմբերի 11-ին: