Իսպանիայի գերագույն դատարանը Պուչդեմոնին ձերբակալությամբ է սպառնացել
Կատալոնիայի ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի և նրա կառավարության նախկին խորհրդականների չներկայանալը դատարան կարող է նրանց համար ավարտվել ձերբակալության օրդերի տրամադրմամբ: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի գերագույն դատարանի նախագահ Կառլոս Լեսմեսը, հայտնում է Reuters գործակալությունը:
«Դատարան ցուցմունք տալու համար ներկայանալը պարտականություն է: Իսպանիայում կամ ԵՄ ցանկացած այլ երկրում դատարան չներկայանալու դեպքում սովորաբար տրամադրվում է ձերբակալության օրդեր: Դա այստեղ, Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում, ցանկացած երկրում նորմալ իրավիճակ է: Գոյություն ունի դատարան ցուցմունքներ տալու համար ներկայանալու պարտավորություն»,- լրագրողներին ասել է Կառլոս Լեսմեսը:
Մադրիդում ազգային դատական պալատում հինգշաբթի ցուցմունք են տալիս Իսպանիայի կառավարության կողմից լուծարված ժեներալիտետի որոշ անդամներ: Դատարան հրավիրված Կատալոնիայի նախկին 14 պաշտոնյաներից դատարան է ժամանել 9 մարդ, այդ թվում՝ ժեներալիտետի նախկին ղեկավարի տեղակալ Օրիոլ Ժունկերասը: Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը և նրա կառավարության ևս չորս անդամ հրաժարվել են ներկայանալ դատարան: Նրանք, իսպանական ԶԼՄ-ների տվյալներով, մնում են Բրյուսելում:
Բացի այդ, ցուցմունքներ տալու համար Գերագույն դատարան է ժամանել կատալոնական խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելը և խորհրդարանի նախագահության ևս հինգ նախկին անդամ, որոնք հոկտեմբերի 27-ին հավանության են արժանացրել օրենսդիր մարմնում անկախության մասին բանաձևի հարցով քվեարկությունը: Հաղորդվում է, որ ցուցմունքների տրամադրումը հետաձգվել է մինչև նոյեմբերի 9-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է Իսպանիայի կառավարության կողմից այն ցրելու որոշումը և դադարեցրել աշխատանքը մինչ արտահերթ ընտրությունների անցկացումը:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին:
Ի պատասխան այս քայլի՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում Իսպանիայի սենատը կողմ է քվեարկել Կատալոնիայի կառավարությանն իշխանությունից հեռացնելուն և ինքնավար մարզում ուղիղ կառավարում հաստատելուն: Պաշտոններից հեռացվել են խորհրդարանի անդամներ, կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը: Պուչդեմոնը հայտարարել է, որ չի ճանաչում Իսպանիայի իշխանությունների որոշումները:










