Գիշերվա կեսին հնչած տագնապի կեղծ ազդանշանն արթնացրել է Թել Ավիվի բնակիչներին

12:51 • 02.11.17

Նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերն Իսրայելի Թել Ավիվ քաղաքի և հարավային արվարձանների բնակիչներին արթնացրել է տագնապի կեղծ ազդանշանը: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:

Իսրայելի բանակի Twitter-ում նույնպես ասվում է, որ ահազանգը կեղծ էր:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ տագնապի ազդանշանը հնչել է Թել Ավիվի հարավում՝ տեղական ժամանակով ժամը 3:00-ին: Այն սովորաբար օգտագործվում է իսրայելցիներին հրթիռային հարձակումների մասին տեղեկացնելու համար:

Ըստ հրահանգի՝ այս դեպքերում մարդիկ պետք է հնարավորինս արագ պատսպարվեն ռմբապաստարաններում կամ այլ ապաստարաններում: Ահազանգը հնչել է նաև հարևան բնակավայրերում՝ Ազորում, Խոլոնում և Բաթ Յամում:


Իսրայելի զորքերը մտավախություն ունեն, որ պաղեստինցիները հարձակում կիրականացնեն, քանի որ հոկտեմբերի 31-ին պայթեցվել էր պաղեստինյան անկլավի սահմանին գտնվող ստորգետնյա թունելը: Նշվում է, որ պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 9 գրոհային: Նրանց կողմնակիցները խոստացել են անպատասխան չթողնել այս գործողությունները: