Ադրբեջանը, Իրանն ու Ռուսաստանը ցանկանում են «կանաչ» մաքսային գոտի ստեղծել. Ռոհանի
Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը ցանկանում են «կանաչ» մաքսային գոտի ստեղծել և կիրառել միասնական մաքսային չափանիշներ: Այդ մասին Թեհրանում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ եռակողմ գագաթնաժողովի ավարտին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
Ռոհանին նշել է, որ գագաթնաժողովի մասնակիցները նաև անդրադարձել են բանկային ոլորտում համագործակցության ընդլայնմանը, ազգային արժույթների օգտագործման հարցին:
Իրանի նախագահը նշել է, որ հանդիպմանը քննարկվել է երեք երկրների միջև տարանցման հարցը, ինչպես նաև Ասիական և Եվրոպական տարածաշրջանների միջև տարանցիկ գոտու ստեղծումը:
«Իրականում այդ երկու աշխարհամասերը կմիացնի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը: Մենք որոշում ենք ընդունել, որ Բենդեր-Աբաս նավահանգիստը միանա Հելսինկիի հետ և մենք միացնենք Ասիան Եվրոպայի հետ: Այդ տարանցիկ երթուղին անցնում է Ադրբեջանով, Ռուսաստանով, Արևելյան և Հյուսիսային Եվրոպայով: Մենք նաև ցանկանում ենք ընդլայնել համագործակցությունն ավտոճանապարհների և ծովային տրանսպորտի ոլորտում»,- ասել է Իրանի նախագահը:
Ավելի վաղ երեք երկրների նախագահները գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ նշել էին, որ չկարգավորված հակամարտությունները զգալի խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության համար:
Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձևաչափով հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի ՌԴ-ում 2018-ին:










