«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանն ազատ արձակվեց
«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից։
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։
«Անի Հովհաննիսյանի պատժի կրման ժամկետն ավարտվել է և նա ազատ է արձակվել «Աբովյան» ՔԿՀ-ից»,-հայտնեցին ՔԿՎ հանրային կապերի բաժնից։
Նշենք,որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման:
Անի Հովհաննիսյանը կալանավորվել էր 2016 թվականի մայիսի 3-ին։
Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով:
ՎՏԲ բանկից գումար շորթելու մեղադրանքում Անի Հովհաննիսյանն անմեղ էր ճանաչվել, դատարանը Անի Հովհաննիսյանին մեղավոր էր ճանաչել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մեջ։










