«Դա էլ ժողովրդավարության դրսևորման մեկ այլ ձև է». Կ. Ավագյանը` ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ականների միջև պայքարի մասին

20:02 • 03.11.17

Շատ քաղաքական ուժերի, ցավոք, չեն հետաքրքրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ընդդիմությունն իրեն պատկերացնում է կառավարման ավելի բարձր օղակներում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

«Ամբողջ աշխարհում ընդունված գործելաոճ է, որ կուսակցությունները տեղական մակարդակով իշխանության լծակներ են փորձում ունենալ և հետո միայն ձգտում են կենտրոնական իշխանություն ձևավորել:  Կարծում եմ՝ ցանկացած օղակի ընտրություններում պետք է քաղաքական ուժերն իրենց մասնակցությունն ունենան՝ անկախ դրա ելքից»,- նշեց պատգամավորը:

2017 թվականի նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ անցկացվող թվով 49 համայնքներում գրանցվել է 135 թեկնածու, որոնցից 56-ը անկուսակցական են, 67-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 6-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, 4-ը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության, 1-ը՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության և 1-ը Համերաշխություն կուսակցության անդամներ են: 

Կարեն Ավագյանի խոսքով՝ ցանկացած քաղաքական ուժ ինքն է իր մարտավարությունը մշակում, և հավանաբար, ընդդիմադիրները ուղղակի նպատակահարմար չեն համարել մասնակցել ՏԻՄ ընտրություններին:

«Չեմ կարծում, որ նրանք մտածում են թե չեն կարող պայքարել ՀՀԿ-ի դեմ: Եթե նույն տրամաբանության մեջ նայենք, նրանք նաև չպետք է մասնակցեին խորհրդարանական ընտրություններին»,- նկատեց նա:

Ընդդիմության գրեթե բացակայության պարագայում շատ համայնքներում պայքարը հենց ՀՀԿ-ականների միջև է: 10 համայնքներում իրար դեմ են պայքարելու Հանրապետականները, իսկ 26-ում քվեարկվելու է 1-ական թեկնածու:

 Հարցին, թե անհետաքրքիր չէ՞ միայն Հանրապետականների պայքարը, պատգամավորը պատասխանեց. «Դա էլ ժողովրդավարության դրսևորման մեկ այլ ձև է»: