Իրաքյան բանակը մտել է ԻՊ-ի վերջին խոշոր հենակետը համարվող Ալ Քաիմ քաղաք

16:45 • 03.11.17

Իրաքյան բանակը մուտք է գործել Ալ Քաիմ քաղաք, որը համարվում է երկրի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին խոշոր հենակետը, հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը:

Նշվում է, որ այժմ մարտերը շարունակվում են քաղաքի կենտրոնում, թեև բանակին արդեն հաջողվել է վերահսկողություն սահմանել քաղաքի տարածքի մեծ մասի նկատմամբ: Մարտեր են ընթանում նաև Ալ Քաիմի շրջակա ավաներում ու գյուղերում:

Սիրիայի հետ սահմանակից Ալ Քայիմը, որը մինչ ԻՊ-ի կողմից գրավվելն ուներ 150.000 բնակչություն, ահաբեկիչների ձեռքում է գտնվում 2014 թ. ի վեր:

Միևնույն ժամանակ այսօր ժամեր առաջ հայտնի դարձավ, որ իրաքյան բանակը վերահսկողություն է սահմանել նաև նախքան այդ ԻՊ-ի ենթկայության տակ գտնվող Սիրիայի հետ սահմանը:

Հիշեցնենք, որ Իրաքում ԻՊ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող ամենախոշոր քաղաքներից Մոսուլի ազատագրման գործողությունն էլ մեկնարկել էր 2016թ. հհոկտեմբերի 17-ին և ավարտել այն 2017թ.-ի հունիսի վերջին: