ՆԱՏՕ-ի նավերը ժամանել են Բաթումիի նավահանգիստ

12:58 • 03.11.17

ՆԱՏՕ-ի մշտական ականազերծման խմբի̩ ռումինական Regele Ferdinand և թուրքական դրոշով ՆԱՏՕ-ի ծովային խմբի նավերը ժամանել են վրացական Բաթումի քաղաքի նավահանգիստ: Օրվա ընթացքում պասվում է դաշինքի ևս երկու նավերի ժամանումը, հայտնում է «Sputnik-Վրաստան»-ը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ին:


«Օրվա ընթացքում սպասվում է ՆԱՏՕ-ի ևս երկու նավերի ժամանում: Պատվիրակությունը գլխավորելու է ՆԱՏՕ-ի միավորված ծովային ուժերի հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Էրվի Բրեժոնը: Փոխծովակալին և ՆԱՏՕ-ի պատվիրակությանն ընդունելու է ՆԳՆ ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին և Վրաստանում Բուլղարիայի դեսպանատունը»,- ասված է նախարարության հայտարարությունում:


Նավերը մնալու են Բաթումիում մինչև նոյեմբերի 6-ը և մասնակցելու են Վրաստանի կողմից կազմակերպված տարբեր համատեղ վարժանքների և ցուցադրական զորավարժությունների: Այդ միջոցառումների նպատակն է Վրաստանի, դաշինքի և գործընկեր երկրների ծովային ուժերի փոխգործակցության և համատեղելիության մեծացումը:


Պատվիրակության անդամները նաև այցելելու են ծովային կառավարման համատեղ կենտրոն:


Այցի արդյունքներով կայանալու է կողմերի համատեղ մամուլի ասուլիս:


Նշվում է, որ դա Վրաստան ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականազերծման խմբի̩ (SNMCMG2) նավերի երրորդ այցն է: