Դանիայի ներգաղթի հարցերով նախարարին տեղափոխող մեքենան վրաերթի է ենթարկել ներգաղթյալ մի կնոջ (տեսանյութ)
Դանիայի ներգաղթի և ինտեգրման հարցերով նախարար Ինգեր Ստոյբերգին տեղափոխող ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ներգաղթյալ մի կնոջ: Միջադեպի տեսաձայնագրությունը ցուցադրել է դանիական DR հեռուստաալիքը:
The Local-ի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Ստոյբերգի՝ արտաքսման կենտրոն այցի ժամանակ: Կենտրոնում գտնվում են այն փախստականները, որոնց մերժել են ապաստան տրամադրել:
Նշվում է, որ նախարարը կենտրոն է ժամանել DR-ի հաղորդման նկարահանումների համար: Նկարահանող խումբը և Ստոյբերգը հանդիպել են ընդամենը մի փախստական ընտանիքի հետ՝ ապրուստի պայմանների մասին իմանալու համար, ինչն առաջացրել է մյուս բնակիչների դժգոհությունը:
Մթնոլորտը կենտրոնում սկսել է թեժանալ, և նախարարը դուրս է բերվել փողոց, որտեղ նրան անմիջապես 40 ներգաղթյալ է շրջապատել՝ փորձելով խոչընդոտել հեռանալը: Ստոյբերգին այնուամենայնիվ հաջողվել է ավտոմեքենա նստել, սակայն կանանցից մեկը ցատկել է ավտոմեքենայի վրա՝ փորձելով կանգնեցնել այն: Ավտոմեքենան կանգ չի առել և գրեթե անցել է կնոջ վրայով:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ միջադեպի հետևանքով կինը «կարող էր մի քիչ տուժել»:










