Պուչդեմոնն ասել է, թե ինչու է հեռացել Կատալոնիայից ու մեկնել Բելգիա
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը պատմել է, թե ինչու է լքել Կատալոնիան ու մեկնել Բելգիա:
RTBF հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ արել է դա Կատալոնիայում բռնության նոր ալիքից խուսափելու համար, քանի որ երկրում կարող էր Իսպանիայի իշխանությունների դեմ ընդվզման նոր շարժում սկսվել:
Պուչդեմոնը, մասնավորապես, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա լքել է երկիրը բռնության նոր դեպքերից խուսափելու համար, ասել է. «Դա պատճառներից մեկն է: Ես կարող էի մնալ և հանդես գալ դիմադրության կոչով: Ես չեմ ցանկացել անել դա, և երբեք չեմ ցանկանա: Մենք երբեք բռնության կողմնակից չենք եղել»:
Նշենք, որ Պուչդեմոնն ու նրա մի քանի նախկին խորհրդականներ Բելգիա են ժամանել երկուշաբթի: Նա հայտարարել էր, որ դիմել է այդ քայլին իր հասցեին հնչած սպառնալիքների պատճառով և կվերադառնա միայն այն դեպքում, երբ իրեն տրվեն հստակ երաշխիքներ:
Օրերս իսպանական դատարանը Պուչդեմոնին և Ժեներալիտետի ևս 4 անդամի ձերբակալության համար միջազգային օրդեր էր հատկացրել: Նրանց պարտավորեցրել էին ներկայանալ հարցաքննության, սակայն չներկայանալու դեպքում նրանց ձերբակալություն էր սպառնում:
Նախօրեին Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ պատրաստ է կանգնել իսպանական արդարադատության առաջ պայմանով, որ այն «իրական» լինի:










