Հրապարակվել է ԱՄՆ 35-րդ նախագահ Քենեդիի սպանության հետ կապված ևս մոտ 700 փաստաթուղթ
Միացյալ Նահանգներում ուրբաթ հրապարակվել է 1963 թվականին ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետ կապված ևս մոտ 700 փաստաթուղթ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
ԱՄՆ ազգային արխիվից հայտնել են, որ իրենց կայքում հրապարակված փաստաթղթերի մեծ մասը՝ 553-ը, վերաբերում է Կենտրոնական հետախուզական վարչությանը։ Բացի այդ, խոսքը սպանության հետաքննությունների մասին Պենտագոնի, Արդարադատության նախարարության, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովի նյութերի մասին է։ Մասնավորապես, մի շարք փաստաթղթեր առնչվում են Լի Հարվի Օսվալդի՝ Մեքսիկայում ԽՍՀՄ դեսպանատան հետ ունեցած կապերին։
Այս հրապարակումն արդեն երրորդն է։ Հուլիսին և հոկտեմբերին Ազգային արխիվը հրապարակել էր մոտ 6.500 փաստաթուղթ՝ կապված ԱՄՆ նախկին առաջնորդի սպանության հետ։
ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիջերալդ Քենեդին սպանվել է 1963թ. նոյեմբերի 22-ին՝ դիպուկահար զենքի միջոցով: Պաշտոնական վարկածով՝ մարդասպանը եղել է նախկին ծովային հետևակ Լի Հարվի Օսվալդը։ Սպանության համար մեղադրվող Օսվալդը չի ընդունել մեղքը: Նրան սպանել են ձերբակալությունից որոշ ժամանակ անց՝ ոստիկանական բաժանմունքից բանտ տեղափոխելու ճանապարհին:
Ավելի վաղ հրապարակված փաստաթղթերից մեկի համաձայն՝ իրական մարդասպանը ոչ թե Լի Հարվի Օսվալդն է, այլ Դալասի ոստիկանության աշխատակից Ջի Դի Թիփիտը: Անանուն աղբյուրի պնդմամբ՝ պարեկային ոստիկանն ԱՄՆ նախագահին սպանելուց 45 րոպե անց ինքն է սպանվել: Ըստ ցուցմունքի՝ նրան սպանողն Օսվալդն է եղել, որը Թիփիտի վրա կրակել է ատրճանակից՝ արձակելով 4 կրակոց: Նշվում է, որ այս տեղեկությունը վերցվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի արխիվից:










