Գայանե Գալոյանը 17 օր վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո տեղափոխվել է ՔԿՀ, խափանման միջոցը չի փոխվում. փաստաբան
Հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են քրեակատարողական հիմնարկի պայմանների հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գայանե Գալոյանի փաստաբաններից Վլադիմիր Գրիգորյանը:
«Գայանե Գալոյանը հիվանդությունների մի ամբողջ փունջ ունի՝ բրոնխիալ ասթմա, շաքարային դիաբետ, հիպերտոնիայով է տառապում, շաքարախտով պայմանավորված ուղեղի արյունատար անոթները ախտահարվում են: Հենց մի հիվանդությունը սրվում է, մեխանիկորեն առաջացնում է մյուս հիվանդությունների սրումը, ուշագնացություններ է ունենում»,-ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ Գայանե Գալոյանը գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում է, այն մասնագիտացված հիմնարկ չէ.«Միայն դատապարտյալների հիվանդանոցն է մասնագիտացված, այնտեղ էլ միայն տղամարդիկ են բուժվում, կանանց համար տեղ չկա: Ինքն էլ անընդհատ ուշաթափվում է և ինքնազգացողությունը գնալով վատանում է: Բրոնխիալ ասթման այն աստիճանի է սրվել, որ երբ խոսում է, ձայնը չի լսվում:
Հարցին, թե այս ընթացքում միջնորդություններ ներկայացվե՞լ է խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, փաստաբանն ասաց, որ բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել, որոնք մերժվել են:
«Դատարանին խնդրել ենք խափանման միջոց կալանավորումը չընտրել, սակայն ընտրվել է կալանավորում, այնուհետև բազմաթիվ միջնորդություններ ենք ներկայացրել գրավ կիրառելու մասին,մերժվել է, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան: Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կալանք կիրառելու վերաբերյալ բողոքարկվել և մերժվել է: Ես միջնորդություն եմ հարուցել գլխավոր դատախազին, որպեսզի փոխի խափանման միջոցը, միջնորդության պատասխան չեմ ստացել»,- ասաց Գրիգորյանը:
Փաստաբանն ասաց, որ բացի այդ բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել, որպեսզի նշանակեն բժշկական փորձաքննություն և պարզեն, թե արդյոք այդ հիվանդությունները համատեղելի են քրեական հիմնարկում մնալու հետ.«Գայանե Գալոյանը դիմել է երկրի նախագահին, ՄԻՊ-ին, դիմել է Արդարադատության նախարարին, սակայն դեռևս պատասխան չունենք: Օր օրի նրա վիճակը ծանրանում է»:
Հարցին, թե Գալոյանը ի վիճակի՞ է մասնակցել քննչական գործողությունների, Գրիգորյանն պատասխանեց, որ քննիչը մեկնում է գործողություններ իրականացնելու, սակայն իր առողջական վիճակից ելնելով, Գալոյանն ի վիճակի չի լինում քննչական գործողությունների մասնակցելու.«Ի վիճակի չէ, օրինակ` տանում են առերեսման, դիմացինը որոշակի ցուցմունքներ է տալիս, ինքը պատրաստակամ է, սակայն ինքնազգացողությունը վատանում է»:
Փաստաբանը նաև հայտնեց, որ սեպտեմբերի 11-ին, երբ նրան ձերբակալել են, քննիչի աշխատասենյակից շտապօգնության ծառայությունը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Երկու օր խիստ ներգործող դեղորայքի ազդեցության տակ գտնվելու պայմաններում, նույն ամսի 13-ին խափանման միջոց են կիրառել.«Դրանից հետո նա դատարանում վատացավ և նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նա բուժվեց և 17 օր վերակենդանացման բաժանմունքում մնաց, իսկ այնտեղից տեղափոխեցին ՔԿՀ»:
Հիշեցնենք, որ փաստաբան Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:










