Լի Հարվի Օսվալդը Ջոն Քենեդիի սպանությունից հետո պատրաստվում էր թաքնվել ԽՍՀՄ-ում. ԿՀՎ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) կասկածել է, որ Լի Հարվի Օսվալդը 1963 թվականին ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանությունից հետո պատրաստվում էր թաքնվել ԽՍՀՄ-ում։ Այդ մասին ասվում է ուրբաթ հրապարակված փաստաթղթերից մեկում, գրում է ria.ru-ն։
Նշենք, որ Միացյալ Նահանգներում ուրբաթ հրապարակվել է Ջոն Քենեդիի սպանության հետ կապված ևս մոտ 700 փաստաթուղթ։ Այս հրապարակումն արդեն երրորդն է։ Հուլիսին և հոկտեմբերին Ազգային արխիվը հրապարակել էր մոտ 6.500 փաստաթուղթ՝ կապված ԱՄՆ նախկին առաջնորդի սպանության հետ։
1963 թվականի նոյեմբերի 24-ին թվագրված փաստաթղթում ասվում է, որ թվում էր, թե Լի Հարվի Օսվալդը մտածում էր միայն խաղաղ ճանապարհով Խորհրդայյին միություն տեղափոխվելու մասին, սակայն «հնարավոր է, որ գտնվում էր համապատասխան փաստաթղթերի ստացման գործընթացում, որպեսզի նախագահին սպանելուց հետո արագ փախչի երկրից»։
1975 թվականի հուշագրում ասվում է, որ Քենեդիին սպանողը կապված չի եղել ԿՀՎ-ի հետ։ Նման կապի մասին լուրերը ԿՀՎ-ում անվանել են «բացարձակ անհիմն»։
ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիջերալդ Քենեդին սպանվել է 1963թ. նոյեմբերի 22-ին՝ դիպուկահար զենքի միջոցով: Պաշտոնական վարկածով՝ մարդասպանը եղել է նախկին ծովային հետևակ Լի Հարվի Օսվալդը։ Սպանության համար մեղադրվող Օսվալդը չի ընդունել մեղքը: Նրան սպանել են ձերբակալությունից որոշ ժամանակ անց՝ ոստիկանական բաժանմունքից բանտ տեղափոխելու ճանապարհին:
Ավելի վաղ հրապարակված փաստաթղթերից մեկի համաձայն՝ իրական մարդասպանը ոչ թե Լի Հարվի Օսվալդն է, այլ Դալասի ոստիկանության աշխատակից Ջի Դի Թիփիտը: Անանուն աղբյուրի պնդմամբ՝ պարեկային ոստիկանն ԱՄՆ նախագահին սպանելուց 45 րոպե անց ինքն է սպանվել: Ըստ ցուցմունքի՝ նրան սպանողն Օսվալդն է եղել, որը Թիփիտի վրա կրակել է ատրճանակից՝ արձակելով 4 կրակոց: Նշվում է, որ այս տեղեկությունը վերցվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի արխիվից:










