Ո՞վ է այդ Մարկովը, նա չգիտի, թե ինչ է արել Նժդեհը խորհրդային տարիներին, նա հայերին ջարդերից է փրկել. Ռաֆաիլ Զինուրով
Գարեգին Նժդեհն ու Դրաստամատ Կանայանը մեծ հայրենասերներ են, նրանց չի կարելի կապել ֆաշիզմի հետ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, պրոֆեսոր, Բաշկորտոստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան, հայագետ, պատմաբան Ռաֆաիլ Զինուրովը:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների, Հանրային պալատի անդամների, իրավաբանների և վերլուծաբանների մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մտադիր է հետխորհրդային տարածքի երկրներում ֆաշիզմի հերոսացման դրվագների հետ կապված դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարանին:
Քաղաքագետ Ալեքսանդր Պերենջիևի «Մենք պետք է կանգնեցնենք ֆաշիզմը» հանրագրի ներքո արդեն ստորագրել է ավելի քան 200 000 մարդ, ինչը նշանակում է, որ Պետդուման պարտավոր է արձագանքել հանրային պահանջին: Քաղաքագետ Սերգեյ Մարկովն այս համատեքստում խոսել է Դրաստամատ Կանայանի ու Գարեգին Նժդեհի մասին՝ նրանց որակելով «տեռորիստ», «ֆաշիստների հանցակից» անուններով:
Ռաֆաիլ Զինուրովն այս առնչությամբ ասաց, որ Մարկովը, հավանաբար, ծանոթ չէ հայոց պատմությանը:
«Մարկովն անդրադարձել էր Դրաստամատ Կանայանին ու Գարեգին Նժդեհին, ովքեր հերոսներ են Հայաստանի համար, նրանց պատվին արձաններ կան տեղադրված ու ինքն առաջարկում է հանել արձանները: Ո՞վ է այդ Մարկովը: Նա Հայաստանի պատմության մասին երևի տեղեկություններ չունի, նա չգիտի, թե ինչ է արել Նժդեհը խորհրդային տարիներին: Նա հայերին փրկել է ջարդից, եթե նա չլիներ, ես չգիտեմ, թե ինչ կլիներ»- շեշտեց Զինուրովը:
Հայագետը նշեց, որ Նժդեհն ու Կանայանը ֆաշիստներ չեն, նրանք մեծ ազգայնականներ են եղել և ամենևին էլ կարևոր չէ, որ որոշ ժամանակ գուցե ապրել են Գերմանիայում:










