Կուսակցությունը որտեղ որոշում է, որ պետք է ծառայեմ, ես պատրաստ եմ. Արտաշատի քաղաքապետի միակ թեկնածուն ընտրություն կատարեց (տեսանյութ)

13:08 • 05.11.17

Քիչ առաջ Արտաշատի 12/4 ընտրատեղամասում տեղական ինքնակառավարման մարմի ընտրություններին մասնակցեց Արտաշատի քաղաքապետի միակ թեկնածու Կարեն Բենիամինյանը: Քվեաթերթիկը քվեատուփ նետելուց հետո Բենիամինյանն ասաց՝ շնորհավոր, ապա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը բարձր տրամադրություն ունի: «Քվեարկել եմ հանուն Արտաշատի, հանուն բարեկեցիկ Արտաշատի»,-ասաց նա:

Քաղաքապետի միակ թեկնածուն ասաց, որ ընտրվելուց հետո ինքը ծառայելու է Արտաշատի ժողովրդին:

Հարցին, թե ինչո՞ւ որոշեց առաջադրվել, Բենիամինյանը պատասխանեց, որ որոշումը Հանրապետական կուսակցությունն է կայացրել: «Մեր կուսակցությունը ոնց որոշել է, այդպես էլ եղել է: Կուսակցությունը որտեղ որոշում է, որ ես պետք է ծառայեմ, ես պատրաստ եմ»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ Արտաշատն Աբրահամյանների ազդեցության տակ է եղել, Բենիամինյանը նշեց, որ նման բան չկա. «Ազդեցությունները մեզ համար… Էդպիսի բան չկա, ես ծառայել եմ մեր քաղաքին»: Թեկնածուն չցանկացավ այլևս խոսել այդ թեմայով, ասաց, որ այսօր ինքը շատ զբաղված է, ընտրություններ են, և ինքը եկել է իր քաղաքացիական պարտքը կատարելու:

Ճշտող հարցին, թե իր թեկնածությունը կոմպրոմիսային չէ՞ արդյոք Աբրահամյանների ու Հանրապետականի համար, Կարեն Բենիամինյանը նորից պատասխանեց, որ նման բան չկա, ապա ասաց, որ զբաղված է և պետք է գնա: