Եթե կգտնվեն լուրջ երիտասարդներ, իհարկե, պատրաստ եմ զիջել իմ տեղը, բայց այսօր չեմ տեսնում․ Ախուրյանի 21 տարվա համայնքապետ
Խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավարի թեկնածու ՀՅԴ անդամ Արծրունի Իգիթյանը, ով 21 տարի է Ախուրյանի համայնքապետն է, այս անգամ քվեարկել է հանուն համայնքների զարգացման։
«Ես պատրաստված եմ, երկար տարիների աշխատանքի փորձ ունեմ։ Անմիջական մասնակցություն եմ ունեցել խոշորացման օրենքի մշակմանը, հստակ տիրապետում եմ, գիտեմ ինչի եմ գնում, ինչ եմ անելու։ Ընտրվելու հենց հաջորդ օրվանից ես աշխատանքի եմ անցնելու և գիտեմ ինչով եմ սկսելու, ինչով ավարտելու»,- նշեց Արծրունի Իգիթյան։Նշենք, որ կառավարության խոշորացման ծրագրով Ախուրյան համայնքին են միանալու Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ և Ջրառատ համայնքները։ Խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 6 թեկնածու՝ Ախուրյանի համայնքի ղեկավար ՀՅԴ անդամ Արծրունի Իգիթյանը, Բասեն համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանը, ԲՀԿ-ական Կարեն Սերգոյանը և անկուսակցական երեք թեկնածու՝ Վանիկ Մկրտչյանը, Գերասիմ Համբարյանը, Լևոն Գեղամյանը։
Ախուրյանի գործող համայնքապետը չի կարծում, որ խոշորացումից հետո կառավարումը կդժվարանա։ Հակառակը, բոլոր գումարները կենտրոնացված լինելու դեպքում, նա համոզված է, որ գոնե տարին մեկ անգամ յուրաքանչյուր համայնքում հնարավոր կլինի խոշոր ծրագիր իրականացնել։
Հարցին, թե չեք հոգնել 21 տարի նույն պաշտոնում լինելուց և չեք ուզում երիտասարդներին էլ աշխատելու հնարավորություն տալ, Արծրունի Իգիթյանը պատասխանեց․ «Ես աշխատանքից երբևիցե չեմ հոգնել և չեմ էլ հոգնի։ Եթե կգտնվեն լուրջ երիտասարդներ, իհարկե, պատրաստ եմ զիջել իմ տեղը, բայց այսօր նման մարդ չեմ տեսնում»։
Հանրապետության երկարակյաց համայնքապետերը, կամ ընդհանրապես համայնքապետերի մեծ մասը Հանրապետական են։ Հարցին, թե Դաշնակցության անդամ լինելով ինչպե՞ս է հաջողվել 21 տարիների ընթացքում հաղթել բոլոր ՀՀԿ-ականներին, Ախուրյանի համայնքապետը նշեց․ «Դա իմ աշխատանքների արդյունքն է, որ ժողովուրդը գնահատական է տալիս։ Շատ պարզ է ամեն ինչ։ Ես մշտապես Հանրապետականների հետ պայքարի մեջ եմ եղել, նաև պետական բոլոր կառույցներն են աշխատել մինչև այս ընտրությունները, բայց ես ամեն ընտրությանը իմ ձայները ավելացրել եմ։ Եթե բոլոր թեկնածուները միասին հավաքում են այնքան, որքան ես եմ հավաքում, ինչի մասին է խոսքը։ Սա չի խոսում մարդու աշխատանքի և ժողովրդի մոտ նրա վստահության մասին»։
Իգիթյանի խոսքով՝ իր հետ մինչ օրս 40-ից ավելի թեկնածուներ են պայքարում եղել, բայց ոչ մեկին չի հաջողվել հաղթել։ Նա նշում է, որ պատրաստ է եղել իր հետ պայքարող թեկնածուներին հետագայում աշխատանքի ընդունել, եթե նրանք համապատասխանեին պահանջներին։
«Իգիթյանները Ախուրյանում ընդամենը 10 ընտանիք են, իսկ Ախուրյանի ընտրողների թիվը 7300 է։ Ինչի՞ մասին է խոսքը, ժողովուրդն ինձ ընտրել է իմ աշխատանքի համար»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է ընտրվելուց հետո նախատեսված ծրագրերին, Արծրունի Իգիթյանը նշեց, որ դրանք բազմաթիվ են, բայց առաջնային է բնակարանային խնդիրը և ճանապարհների բարեկարգումը։
«Խոշորացված համայնքների պարագայում մենք արդեն լուրջ խնդիր ենք ունենալու առաջին հերթին ճանապարհների հետ կապված։ Ախուրյան փնջի համայնքների Կամոն մայրուղու հետ կապող ճանապարհը անմխիթար վիճակում է։ Միջհամայնքային ճանապարհները դառնալու են համայնքային ճանապարհներ և դրանց սպասարկումն ամբողջությամբ ընկնելու է բյուջեի վրա»,- հայտնեց նա։
Իսկապես, մի քանի ժամ Ախուրյանում պտտվելուց հետո կարելի տեսնել գրեթե բոլոր փողոցների անմխիթար վիճակը։ Միայն Ախուրյանի կենտրոնական խճուղին է բարվոք վիճակում, իսկ մնացած ավելի ներս ընկած փողոցների վիճակը կարող եք տեսնել լուսանկարներում։



Ընդ որում, համայնքի փողոցների այս վիճակի պարագայում 2016 թ․ համայնքապետարանից 4 մլն 360 հազար դրամ է տրամադրվել ջրցան մեքենա գնելու համար։ Արծրունի Իգիթյանի համոզմամբ՝ ջրցան մեքենան, իհարկե, անհրաժեշտ է եղել համայնքին։ Ըստ նրա՝ մեքենան բազմաֆունկցիոնալ է և օգտագործվել է նաև ձմռանը ձնմաքրման աշխատանքների ժամանակ։
«Մենք մի շարք փողոցներ նախկինում վերանորոգել ենք։ Եթե համեմատելու լինենք մի շարք քաղաքային համայնքների հետ, շատ ավելի լավ վիճակում են Ախուրյանի փողոցները»,- ասաց նա։










