Պուչդեմոնն առաջիկա ժամերին կձերբակալվի. Europa Press
Այժմ Բրյուսելում գտնվող Կատալոնիայի կառավարության՝ Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը և շրջանային կառավարության չորս նախկին անդամները կձերբակալվեն առաջիկա ժամերին: Այդ մասին հայտնել է Europa Press գործակալությունը՝ վկայակոչելով բելգիական դատախազության աղբյուրներին:
Աղբյուրների տեղեկություններով՝ նրանք կկանգնեն քննչական դատարանի առաջ:
Շաբաթ Բելգիայի իշխանությունները հաստատել են, որ ուսումնասիրում են Իսպանիայից ստացած Պուչդեմոնի և նրա աջակիցների ձերբակալության օրդերը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կառլես Պուչդեմոնը հայտնել է իր ձերբակալության եվրոպական օրդերի առնչությամբ Բելգիայի դատախազության հետ համագործակցելու պատրաստակամության մասին:
Ուրբաթ Իսպանիայի ազգային դատարանը որոշում է կայացրել Պուչդեմոնի, ինչպես նաև Բելգիայում գտնվող մյուս կատալոնացի պաշտոնյաների ձերբակալության համար միջազգային օրդեր հատկացնելու մասին:
Դատարանը նրանց կասկածում է ապստամբության կազմակերպման, պետական միջոցները վատնելու, ծառայողական դիրքի չարաշահման և իշխանություններին չենթարկվելու մեջ:










