Գորիսի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը՝ 12 945 քվեով, նրա անկուսակցական մրցակիցը ստացել է 56 ձայն

23:30 • 05.11.17

Ըստ նախնական տվյալների՝ Գորիսի քաղաքապետ է ընտրվել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, 26-ամյա Առուշ Առուշանյանը: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Թիվ 34՝ Սյունիքի մարզի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանը: 

«Առուշ Առուշանյանը հաղթել է համարյա 100%-ով: 13 164 քաղաքացի է մասնակցել ընտրություններին, որից 12 945-ը քվեարկել է Առուշ Առուշանյանի օգտին: Սամվել Հարությունյանի օգտին քվեարկել է 56 ընտրող, 163 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր»,-ասաց Դադաշյանը: 

Նշենք, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էին ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը, ով Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է և անկուսակցական Սամվել Հարությունյանը: 

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանն առաջադրվել էր նաև որպես պատգամավորի թեկնածու: Նա ՀՀԿ-ի ցուցակով երրորդ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն էր՝ 6879 ձայն: