Դյուսելդորֆում քրդերի հետ բախումների հետևանքով 15 ոստիկան է վիրավորվել
Առվազն 15 իրավապահ է վիրավորվել գերմանական Դյուսելդորֆ քաղաքում քուրդ ցուցարարների հետ բախումների ընթացքում, նրանցից երեքը ստացել են ծանր վնասվածքներ, հայտնում է Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:
Դյուսելդորֆում շաբաթ անցկացված քրդերի ցույցն ավարտվել է անկարգություններով և ձերբակալություններով: Ցուցարարներն արհամարհել են Գերմանիայում, Եվրամիությունում և Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» առաջնորդ Աբդուլա Օջալանի պատկերով դրոշներ և պաստառներ օգտագործելու իշխանությունների արգելքը:
Իշխանությունները հայտարարել են ակցիայի ավարտի մասին, ինչից հետո դժգոհ ցուցարարները սկսել են իրավապահների ուղղությամբ տարբեր առարկաներ նետել: Ոստիկանությունն ի պատասխան արցունքաբեր գազ է կիրառել: Երեք ցուցարար վիրավորվել է, ձերբակալվածների հստակ թիվը հայտնի չէ:










