«Ո՞վ է ասում, դու ստեղ վախի մթնոլորտ տեսա՞ր, բոլորն ազատ կամքով գալիս են, քվեարկում». Աչաջուր համայնքի ղեկավարի թեկնածու Տաթև Գասպարյան

15:28 • 05.11.17

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ՏԻՄ ընտրությանը թիվ 37/4 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց թեկնածուներից Տաթև Գասպարյանը, ով 1994-99 թթ-ին գյուղապետ է եղել:

Ընտրություն կատարելուց  հետո Tert.am-ի հետ զրույցում թեկնածուն նշեց, որ գոհ է ընտրությունների ընթացքից, մրցակից թեկնածուների կողմից որևէ խախտման դեպքի մասին ահազանգ չեն ստացել իր գրասենյակում:

Տաթև Գասպարյանը նշեց, որ քվեարկել է հանուն իր հայրենի գյուղի ապագայի և հավելեց, թե գյուղում անելիքները շատ են, դրա համար էլ առաջադրվել է:

Նշենք, որ հիմնական մրցակցությունն, ըստ գյուղացիների, գործող գյուղապետ Կամո Ղալթախչյանի և Տաթև Գասպարյանի միջև է, ովքեր վաղեմի թշնամանք ունեն միմյանց նկատմամբ:


Առաջադրված մյուս թեկնածուներն ավելի երիտասարդ են՝ ավագանու գործող անդամ, ՀՅԴ-ական Սևադա Ղուկասյանը և Կարեն Ղալթախչյանը, ով մինչև 2015 թվականը համայնքի ավագանու անդամ է եղել։ 


Հարցին, թե ինչու ավելի երիտասարդներին ճանապարհ չեն տալիս, Տաթև Գասպարյանը պատասխանեց. «Բայց ես, որ երիտասարդին ճանապարհ չեմ տալիս, ի՞նչ է, քեզ թվում է մենք պատրաստվում ենք մեռնե՞նք, մենք էլ 50 տարեկան ենք, մենք էլ ծեր չենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե արդեն գյուղապետ եղել է, աշխատել է՝ լավ- վատ, հակադարձեց. «Ի՞նչ է, հիմա ում 50 տարին լրանում է, թողնի, գնա՞ տուն, կամ տենց շատ երիտասարդ ո՞վ է։ Օրինակ` ես, որ ընտրվել եմ համայնքի ղեկավար, եղել եմ 26 տարեկան: Եթե հիմա կա 26 տարեկան, կզիջեմ նրան»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու որոշեց կրկին առաջադրվել, Տաթև Գասպարյանը պատասխանեց, թե առաջադրվել է. իսկ մնացածը թող ժողովուրդը որոշի:

«Չկա այդպես արտահայտված երիտասարդ, որին ճանապարհ չենք տալիս; Այսօր  պատրաստ եմ, եթե կան նման երիտասարդներ, ճանապարհ տամ։ Հետո, ի՞նչ է, պետք է  անպայման գյուղապե՞տ աշխատի երիտասարդը, թող աշխատի ուրիշ տեղ. եթե լավ մասնագետ է` նենց անի, որ համայնքը բարելավվի»,-ասաց նա:

Հարցին` տեղյա՞կ է գյուղի խնդիրներից, թեկնածուն պատասխանեց, թե գիտի բոլոր խնդիրները, լուծումն էլ հետը: «Ամբողջ Հայաստանն է այսպիսին, գյուղացին այսօր չի կարում իր հողը ցանի, մշակի, ինքնարժեքն այնքան բարձր է ստացած եկամտից, որ ձեռնտու չէ ցանել»,-ասաց նա և նշեց, որ գյուղը տեխնիկայի կարիք ունի, կազմակերպչական աշխատանքների:



Տաթև Գասպարյանը հերքեց, թե գործող գյուղապետի հետ տարիների թշնամանք ունեն և չպնդեց էլ, որ դժգոհ են գյուղացիները նրա աշխատանքից: «Ասենք, լավ է աշխատում, ի՞նչ է, ոչ մեկ չի՞ դնելու իր թեկնածությունը, ի՞նչ է, 70 տարեկա՞ն եմ, սահմանադրությունը թույլ է տալիս, իսկ դուք ասում եք` երիտասարդներին ճանապարհ չեք տալիս»,-ասաց նա:

Հարցին, թե համայնքում ինչպես են հասցրել այսքան քրեական գործերով աչքի ընկնել, թեկնածուն պատասխանեց, թե քրեական գործերն ամբողջ աշխարհում են: «Ինչի՞, Երևանում չկա՞»,-հարցրեց նա և պնդեց, թե ճիշտ չեն այն տեղեկությունները, թե գյուղում վախի մթնոլորտ կա:

«Ո՞վ է ասում, ստեղ վախի մթնոլորտ կա՞, դու տեսա՞ր, բոլորն ազատ կամքով գալիս են, քվեարկում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ թեկնածուներից Տաթև Գասպարյանի դեմ մի շարք քրեական գործեր են հարուցվել: Անցած գրեթե 20 տարիներին նա 4 անգամ դատապարտվել է տարբեր հանցանքների, այդ թվում` պաշտոնեական դիրքը չարաշահելու և աչաջուրցիներին Կառավարությունից որպես օգնություն տրամադրված 183 միլիոն դրամը շորթելու համար։ Քրեական գործերի մի մասը կարճվել է և մրցակիցներն իրար մեղադրում են իրար դեմ «գործ սարքելու մեջ»: