Հայաստանում 600-700 բժշկի թափուր աշխատատեղ կա, այս ոլորտում վերադասավորումներ են պետք. Լևոն Ալթունյան
Ի՞նչ է նշանակում ակտիվ ծերացում, ակտիվ ծերացնում են կոնյակը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետը մի կողմից ծերերի համար աշխատանք ապահովել է պահանջում, մյուս կողմից՝ թոշակի անցած բժիշկները հաջորդ տարի կրճատվելու են:
«Կոնկրետ թոշակառու բժիշկներին սպասվում է թոշակ, նրանք գնալու են թոշակի, բայց դա կրճատում չի համարվում: Ինչ վերաբերում է ակտիվ ծերանալուն, եթե տարեց բժիշկն աշխատում է մարզում և նա պահանջված է հասարակության ու ադմինիստրացիայի կողմից, խնդրեմ, ոչ մի խնդիր չկա: Ուղղակի կա թոշակային հասակի մասին ՀՀ օրենք, և ես կարծում եմ, որ այդ օրենքը պետք է կատարվի»,- ասաց Ալթունյանը:
Նա վստահեցրեց, որ նախարարության քաղաքականության մեջ չի մտնում բժիշկների թվի կրճատումը: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում կա 600-700 բժշկի թափուր աշխատատեղ, իսկ սրան զուգահեռ կան բժիշկներ, որոնք լրիվ ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում: Նախարարն այս ոլորտում վերադասավորումների անհրաժեշտություն է տեսնում այսինքն՝այնպես ապահովել, որ յուրաքանչյուր աշխատող միավորի մասով 70-80 տոկոս ծանրաբեռնվածություն լինի:
«Վերադասավորումը հետևյալն է՝ եթե մի հիմնարկում 60 բժիշկ կա, բայց պետք է 48 լինի, այն 12 բժշկին առաջարկվում է վերապատրաստում՝ համալրելու թափուր աշխատատեղերը՝ և՛ Երևանում, և՛ մարզերում: Եթե մարդուն առաջարկում ենք իր մասնագիտությամբ աշխատանք մարզում, բայց նա չի ուզում փոխել իր աշխատավայրը, իրեն կառաջարկվի ոլորտի այլ մասնագիտացում անցնել: Մենք բոլորս և՛ ամերիկյան, և՛ եվրոպական գրականությունից գիտենք, որ պատմվածքի հերոսը երկու-երեք տարին մեկ իր կարիերայի հետ միասին ապրելու տեղ էր փոխում»,- եզրափակեց Լևոն Ալթունյանը:










