ԲՀԿ-ական թեկնածուները հաղթել են միայն Կոտայքի Ակունք և Բյուրեղավան համայնքներում

10:29 • 06.11.17

Նոյեմբերի 5-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածուները հաղթել են հիմնականում Կոտայքի մարզում:

Մասնավորապես, Ակունք համայնքում 3 397 ձայնով վերընտրվել է համայնքի գործող ղեկավար և միակ թեկնածու Հունան Ռուբենյանը (211 հոգի էլ դեմ է քվեարկել), իսկ նույն մարզի Բյուրեղավան համայնքում 3 235 քվեով վերընտրվել է համայնքի գործող ղեկավար,անկուսակցական, սակայն  ԲՀԿ-ից առաջադրված Հակոբ Բալասյանը:

Ըստ որում`739 հոգի էլ դեմ է քվեարկել նրան:

Հիշեցնենք, որ ԲՀԿ–ն թեկնածու ուներ նաև Վայոց ձորի Արենի համայնքում, որտեղ սակայն ԲՀԿ-ական, Արփի համայնքի նախկին ղեկավար Ռազմիկ Վարդանյանը 1 967 ձայնով, ըստ նախնական արդյունքների, պարտվել է հանրապետական Հուսիկ Սահակյանին, որը ստացել է 3 123 ձայն, իսկ համայնքի գործող ղեկավար Րաֆֆի Խաչատրյանը ստացել է  1 175 ձայն:

ԲՀԿ–ն թեկնածուներ ուներ նաև Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար մրցում էին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն:

Պատահական չէ, որ համայնքում գրանցվել էր վեց թեկնածու. ինքնաառաջադրված անկուսակցական Լևոն Գեղամյանը, որը ստացել է 880 քվե, դաշնակցական, ինքնաառաջադրված  Արծրունի Իգիթյանը, որը ստացել է  2393 քվե, անկուսակցական, ինքնաառաջադրված Գերասիմ Համբարյանը ստացել է 615 քվե, անկուսակցական, ինքնաառաջադրված Վանիկ Մկրտչյանը` 406,  Բասեն համայնքի նախկին ղեկավար, հանրապետական Համլետ Պետրոսյանը՝ 966, իսկ ԲՀԿ-ական Կարեն Սերգոյանը՝ 1512:

Նույն մարզի Անի համայնքում էլ ԲՀԿ-կան և ԲՀԿ-ից առաջադրված Հակոբ Աղաբեկյանը ստացած 1 547 քվեով երրորդ տեղում է գրանցված հինգ թեկնածուների շարքում։ Իսկ ըստ նախական արդյունքների՝ հաղթել է ՀՀԿ-ից առաջադրված ՀՀԿ-ական, Մարալիկ համայնքի նախկին ղեկավար Արտակ Գևորգյանը՝ 3 909 քվեներով: 

Հանրապետական ինքնաառաջադրված, Մարալիկի թիվ 2 դպրոցի ուսուցիչ Խաչատուր Բուլոյանը ստացել է 1494 քվե, անկուսակցական, ինքնաառաջադրված Աղասի Առաքելյանը՝ 799, իսկ անկուսակցական Հրաչյա Աճեմյանը՝ 1 926:

Հիշեցնենք, որ երեկ հանրապետության 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է 243335 ընտրող, կամ` ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 50,06 %-ը։