Հայրենադարձության մասին 500 հատ օրենք ընդունելու դեպքում էլ այն հնարավոր չի լինի կազմակերպել, եթե վստահության մթնոլորտ չստեղծվի. Ա. Սիմոնյան

19:47 • 06.11.17

Սփյուռքի մեր հայրենակիցները վստահություն չունեն ՀՀ իշխանությունների և պետական մարմինների նկատմամբ: Ուզում է 500 հատ օրենք ընդունեն հայրենադարձության մասին, միևնույն է՝ դա հնարավոր չի լինի կազմակերպել, եթե վստահության մթնոլորտ չստեղծվի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով սփյուռքի նախարարի հայտարարությանը:

«Ոչ մի օրենք պետք չէ: Ուղղակի մարդիկ պետք է վստահեն, ցանկանան վերադառնալ իրենց երկիր, ոչ թե վախենան իրենց կազմակերպության, իրենց երեխաների ապագայի և անվտանգության համար: Թե չէ ինչո՞ւ պետք է Տորոնտոյի, Լոս Անջելեսի և մյուս տեղերի հայերը թողնեն իրենց քաղաքները և գան Հայաստան»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սփյուռքի նախարարությունը նախատեսում է 2018-ին հայրենադարձության ծրագիր սկսել, որի շրջանակում հայեցակարգ և հայրենադարձության մասին օրենք է մշակվելու։

Ալեն Սիմոնյանը մեծ ակնկալիքներ չունի Հրանուշ Հակոբյանի հայտարարությունից՝ հաշվի առնելով Սփյուռքի նախարարության գործունեությունը: Նրա կարծիքով՝ այն ամենը, ինչն այս տարիների ընթացքում արել սփյուռքի նախարարությունը, շատ հանգիստ կարող էր Արտաքին գործերի նախարարության համապատասխան բաժինն անել:

«Անկեղծ ասած, լուրջ չեմ վերաբերվում Սփյուռքի նախարարությանը: Սիրիայի դեպքերի, պատերազմական դրության ժամանակ Սփյուռքի նախարարությունը որևիցե բանով չկարողացավ աջակցել: Շատ-շատ բաների մասին կարելի է խոսել՝ սկսած «Արի տուն» ծրագրից, վերջացրած այն պաստառներից՝ «Դու ինչ ես արել Արցախի համար»: Այս ամենը վստահություն չի ներշնչում»,- ընդգծեց «Ելքի» դաշինքի անդամը:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ սփյուռքի նախարարն ամենից շատ ջանքը գործադրում է նախագահի կամ վարչապետի մակարդակով արտերկրյա այցերից առաջ:

«Իմ ունեցած տեղեկություններով՝ նա գնում և այդ այցերի հետ կապված նախապատրաստական աշխատանք է կատարում, կարգավորում է ամեն ինչ: Լոյալ գործարարների է գտնում, որոնք դժգոհ չեն գործող իշխանության գործունեությունից: Կարծում եմ՝ դա է տիկին Հակոբյանի և այդ նախարարության՝ մինչ օրս արված ամենամեծ գործողությունը»,- ասաց նա:

Նշենք, որ և՛ «Քաղաքացիական պայմանագիրը», և՛ «Ելք» դաշինքը իրենց ծրագրերում մեծ տեղ են հատկացրել հայրենադարձության խնդրին: Օրինակ՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքի ծրագրում գրված էր. «Կստեղծվի Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատը, որը կազմված կլինի սփյուռքի հայկական գաղութների ներկայացուցիչներից: Խորհրդարանի երկրորդ պալատի բացառիկ իրավասությունը կլինի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի նշանակումը: Նաև՝ ներգաղթի և սփյուռքի ներդրումների հարցերով զբաղվող նախարարների նշանակման հարցը՝ վարչապետի ներկայացմամբ»:

Ալեն Սիմոնյանը նկատեց՝ շատ դեպքեր են եղել, որ կուսակցությունը կամ դաշինքը ինչ-որ հարց է առաջ քաշել, իսկ իշխանական կամ ընդդիմադիր թևի ներկայացուցիչները վերցրել են դա և օգտագործել: Ավագանու անդամը, սակայն, դրանում վատ բան չի տեսնում. «Եթե դրական է լինելու, եթե նպատակին հասնելու ենք, թող տակը լինի Հրանուշ Հակոբյանի կամ Զարուհի Փոստանջյանի կամ ՀՀԿ-ի ստորագրությունը: Դա կարևոր չի, կարևորը լավ արդյունք ունենանք, այս դեպքում՝ հայրենադարձության պարագայում»:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի բոլոր խնդիրը մարդկային ռեսուրսի հետ են կապված: Ըստ նրա՝ եթե ՀՀ բնակչությունն աճի, թե՛ բանակում, թե՛ տնտեսությունում, թե՛ սպորտում և մնացած ոլորտներում դրական աճ կապահովվի: Այդ իսկ պատճառով հայրենադարձությունն ամենաբարդ, ամենակարևոր հարցերից մեկն է. օրենքի մշակումը, նրա կարծիքով՝ բավարար չէ հայրենադարձություն ապահովելու համար:

«Վստահություն չկա սփյուռքում: Ես ընդդիմադիր դաշտի գործիչ եմ, և երբ մենք մեկնում ենք արտասահման, հանդիպումներ ենք ունենում մեր սփյուռքահայ գործընկերների հետ: Նրանք ավելի վատ, ավելի բացասական են պատկերացնում ամեն ինչ, քան մենք՝ ընդդիմադիրներս կարող ենք ասել կամ ներկայացնել: Նույնիսկ դեպքեր են լինում, որ մենք ասում ենք՝ այդքան վատ չէ, սկսում ենք «պաշտպանել» պաշտոնյաներին»,- հայտնեց ավագանու անդամը:

Նա հիշեցնում է, որ վերջին մեծ հայրենադարձությունը կազմակերպվել է 60-70 տարի առաջ: Դա եղել է սովետական իշխանության տարիներին, բայց վերադարձողները վստահել են պետությանը:

Անդրադառնալով 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին, որտեղ Նախագահը հայտարարել էր, որ 2040 թվականին բնակչության քանակը պետք է հասցնել 4 միլիոնի, Ալեն Սիմոնյանը նշեց. «Մասնագետներն արդեն ասել են, որ 4 մլն-ը իրատեսական չէ: Ես շատ կուզեմ, որ մենք լինենք 4-5 մլն, բայց բնական է, որ թե՛ ծնելիության, թե՛ արտագաղթի, թե՛ մնացած խնդիրների հիմքը անվստահություն է: Ապրիլից հետո դա ավելի է խորանալու, տոտալ հիասթափության, անտարբերության մթնոլորտ է լինելու: Դրան փոխարինելու է տոտալ սաբոտաժի մթնոլորտը: Այս ամենի միակ ելքը վստահության վերականգնումն է, որը շատ բարդ գործ է»: