Ֆրանսիայի Վիեն քաղաքում պղծվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը

16:32 • 06.11.17

Ֆրանսիայի Վիեն քաղաքում պղծվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը: Այդ մասին հայտնում է Le Dauphiné-ն՝ վկայակոչելով Վիենի հայկական ասոցիացիաների խմբի հաղորդագրությունը:


Հաղորդագրությունում նշվում է, որ հուշարձանի վրա երկու կողմից վիրավորական գրություններ են արվել:


Վիենի հայկական ասոցիացիաների խումբը «խստորեն դատապարտել է այդ փոքրոգի և կեղտոտ արարքը» և որոշել է բողոք ներկայացնել:


Հաղորդագրությունում նշվում է, որ «հայերի սրտում ատելություն և վրեժխնդրության ցանկություն չկա, սակայն ոչինչ և ոչ ոք չի կարող կանգնեցնել նրանց իրենց իրավունքների, արդարության և ճշմարտության համար մղած պայքարում»:


«Հուշարձանի պղծմամբ ոչ միայն անարգվել է 1915 թվականի զոհերի հիշատակը, այլև բազմաթիվ հայերի, որոնք զոհվել են Ֆրանսիայի համար երկու համաշխարհային պատերազմների ժամանակ և որոնց հիշատակին է նաև նվիրված այս հուշարձանը»,- նշվում է հաղորդագրությունում: