Քիրքուքում մզկիթի վրա հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

09:48 • 06.11.17

Իրաքյան Քիրքուք քաղաքում հարձակում է տեղի ունեցել շիական մզկիթներից մեկի վրա, հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը:

Նշվում է, որ հարձակման հետևանքով մահացել է 5 մարդ, առնվազն 20-ը վիրավորվել են: Իրաքի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է 1 զոհի և 16 վիրավորի մասին:

Հարձակումն իրականացվել է երկու մահապարտ գրոհայինների գործի դրած պայթուցիկների միջոցով: Որևէ ահաբեկչական կառույց դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Բրիտանական լրատվամիջոցը շեշտում է, որ սա առաջին հարձակումն է այն բանից հետո, երբ Իրաքի իշխանություններն ամբողջական վերահսկողություն սահմանեցին քաղաքում և դուրս մղեցին տարածքից քրդական «փեշմերգա» ուժերին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: