ՊՊԾ գնդում ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի տեսակցության և հեռախոսազանգերի վերաբերյալ արգելքը վերացվեց

12:52 • 06.11.17

Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների գործից անջատված երրորդ վարույթով գործը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:  Գործով անցնում է 10 ամբաստանյալ՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդվարդ Գրիգորյանը, Սեդրակ Նազարյանը:

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվող տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքը վերացնելու վերաբերյալ:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ արգելքի վերացումը կարող է խոչընդոտ հանդիսանալ, կարող է հոգեբանական ճնշում գործադրել և այլն:


Տեղից Սմբատ Բարսեղյանն ասաց.«Իսկ քեզ ով ասաց, որ տեղից չեմ կարող հոգեբանական ճնշում գործադրել»:


Դատավորն ասաց տեղից չխոսել, լսեց դատախազի առարկությունն ու բավարարեց միջնորդությունը՝ վերացնելով արգելքը.«Դատարանը քննելով միջնորդությունը որոշում է կայացնում բավարարել այն և Վարազդատ, Վարդան, Լուսինե, Վահան, Ազգանուշ և Հովհաննես Բարսեղյանների տեսակցության և հեռախոսազանգերի արգելքը վերացնել»:

Մեսրոպ Մակյանը սակայն նշեց, որ այսուհետ կքննարկվի նաև տեսակցության արգելքի վերացման ողջամտության սահմանը.«Անձանց շրջանակը պետք է ողջամիտ լինի»:

Նշենք, որ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գունդը զավթելու, զենք, զինամթերք պահելու և այլ գործողություններ կատարելու, պատանդ վերցնելու, ինչպես նաև ոստիկանության երկու ծառայողների սպանության համար:


Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 104-րդ հոդվածի 2_րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 11-րդ կետերի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:

Նախկինում դատված չէ: