Մակրոնը վերահաստատեց` Ֆրանսիան աշխարհի բոլոր հայերի կողքին է․ ֆրանսահայ գործիչ
Ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին ուղղած իր նամակով՝ խոսելով հայերի մասին՝ նկատի է ունեցել նաև աշխարհի բոլոր քրիստոնյաներին:
Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Ֆրանսիան համարվում է Միջին Արևելքի քրիստոնյաների պաշտպանը` հանձինս հայ համայնքի, որը համարվում է այս տարածաշրջանի ամենակարողներից և ամենակարևորներից մեկը:
Հիշեցնենք, որ իր նամակում Ֆրանսիայի նախագահը վստահեցրել էր, որ Ֆրանսիան իր միջազգային դաշնակիցների հետ շարունակելու է աշխատել խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ: Նա շեշտել էր՝ Ֆրանսիան անկեղծ բարեկամ է Հայաստանի և ամբողջ աշխարհում ապրող հայերի համար․ «Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին՝ հօգուտ շրջանի բոլոր ժողովուրդների»,- գրել էր նա:
«Նա իր նամակով մի կողմից անդրադառնում է Միջին Արևելքի հայերին` որպես այդ տարածքում հակամարտություններից ճնշվածներ և տուժածներ, մյուս կողմից՝ օգտվելով առիթից նաև նշում է, որ Ֆրանսիան հայերի բարեկամն է և նրանց պաշտպանում է ամենուրեք»,- ասաց նա:
Արման Ավագյանի խոսքով՝ Ֆրանսիան շատ լուրջ մտահոգություններ ունի Միջին Արևելքի քրիստոնյաների հետ կապված: «Հաշվի առնելով նաև Լիբանանում իրավիճակը՝ Սաադ Հարիրիինիի հրաժարականը, Մակրոնը հաստատում է իր օժանդակությունը նաև այստեղի քրիստոնյաներին՝ ի դեմս հայերի»,- ասաց նա:
Արամ Ա կաթողիկոսին ուղղված նամակում, ըստ ֆրանսահայ գործչի, ամենահետաքրքիրն այն է, որ Մակրոնը վերահաստատում է, որ Ֆրանսիայի պաշտպանությունը աշխարհում գտնվող բոլոր հայերի կողքին է: «Ոչ միայն Ֆրանսիայում գտնվող հայերի, Հայաստանի հայերի, Միջին Արևելքի, այլ ընդհանրապես աշխարհի հայերի»,- նկատեց նա:
Ինչո՞ւ է հենց հայերին դիմում Մակրոնը․այս հարցին ի պատասխան՝ Արման Ավագյանը նշեց, որ իրականում հայերն են, որ որպես քրիստոնյաներ շատ են տուժել սիրիական հակամարտությանը ժամանակ: «Այդ տարածաշրջանում հայերը տարիներ առաջ հալածվել են, և այսօր էլ պատմությունը կրկնվում է»,- նշեց նա:
Ֆրանսահայ գործչի նկատառմամբ՝ Մակրոնն իր նամակում անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրին, բայց այստեղ իր ձևակերպումներում բավական չեզոք է եղել: «Նա նամակում վստահեցնում է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող, ԼՂ կարգավորման գործընթացում իր դերն ունի, բայց նեյտրալ՝ ոչ ավել, ոչ պակաս: Այնպես որ, ֆրանսահայերի ցանկությունը, որ Ֆրանսիան պաշտպանի ազգերի ինքնորոշման իրավունքը, այստեղ իրականացված չէ: Մեզ, Արցախին դա է պետք: Իր ուղերձում ես, այնուամենայնիվ, չտեսա հստակ դիրքորոշում ազգերի ինքնորոշման մասին»,- ասաց նա:
Ֆրանսիայի նախագահի բավականին դրական տարրեր պարունակող նամակը, Արմեն Ավագյանի խոսքով, կարող է փաստ դառնալ այլոց համար, որ աշխարհի ամենահզոր երկրներից մեկը՝ Ֆրանսիան, զորավիգ է ոչ միայն Հայաստանին, այլ՝ ամբողջ աշխարհի հայերին:
«Դատելով այդ հաղորդագրությունից՝ հայերն իրենց պետք է պաշտպանված զգան Միջին Արևելքում և ամենուր աշխարհում»,- ասաց նա:
Արման Ավագյանի խոսքով՝ հիմա մենք պետք է սպասենք հետագա զարգացումներին, նամակին հաջորդող նաև գործնական քայլերին: «Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկիր է: Ես նամակում չտեսա ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող որևէ առաջարկ, որը կբերի խաղաղություն, իսկ այստեղ մեզ ազգերի ինքնորոշման իրավունքն է հետաքրքրում»,- ասաց նա:










