Հյուսիս-հարավ ճանապարհի Վայոց Ձորն ընդգրկող հատվածի քարտեզը դեռևս հաստատված չէ, մեկնարկը կլինի 2018-ին. նախարար

15:15 • 07.11.17

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկման շրջանակում ներկայացնում էր 2018 թվականի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքականության հիմնախնդիրների մասին:

Նախարարին հարցեր ուներ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա Նախարարից հետաքրքրվեց Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածից:

«Վայոց Ձորի հատվածում տեղյակ չենք, թե ճանապարհային ի՞նչ քարտեզ է նախատեսված, ի՞նչ քարտեզով են աշխատելու, հաստատվա՞ծ է»,- հարցրեց Բագրատյանը:

Ի պատասխան՝ նախարարն ասաց, թե պետք է վերանայվի, քանի որ վերջնականապես հաստատված ճանապարհային քարտեզ այստեղ չկա: Նրա խոսքով` միայն 2018-ին կտրվի նախագծի մեկնարկը:

«Բան այն է, որ այս հատվածում ինժեներաշինարարական լուրջ աշխատանքներ կան անելու՝ Սիսիան -Քաջարան հատվածում 10-ից ավելի թունելներ պիտի կառուցվեն, որոնցից 2-ին երկարությունը բավականին շատ է, և 17 -ից ավել կամուրջներ: Այս ճանապարհը բարձր վճարովի ճանապարհ է, քանի որ այլ ճանապարհներ է կրճատելու, սակայն լինելու է նաև այլընտրանքային ճանապարհ»,- պատասխանեց Մարտիրոսյանը։

Նա նկատեց, որ միայն այս հատվածի կառուցման մեկնարկից հետո կարող են մտածել հարավային հատվածի մյուս` Քաջարանից Մեղրի և Արարատից-Սիսիան ճանապարհահատվածի կառուցման մասին:

Սերգեյ Բագրատյանն էլ իր հերթին նկատեց, որ 60 տոկոսով ավելացել է ֆինանսավորումը և հարցրեց.«Սա նշանակո՞ւմ է, որ ակտիվանալու են ճանապարհաշինության աշխատանքները, թե ծավալները չեն բավարարում»:

Ի պատասխան նախարարը կրկնեց, որ թեև հնարավորություններ կան, միևնույն է,  մինչ Սիսիան -Քաջարան հատվածի կառուցման մեկնարկը չտրվի, հարավային հատվածում այլ աշխատանքներ սկսելը նպատակահարմար չլինի:

Պատգամավորն էլ հավելեց, որ հույս ունի Հյուսիս-հարավ ճանապարհի Արարատի հատվածի պատկերը դաս կլինի, քանի որ այնտեղ հիմա քայքայումներ կան:

«Հույս ունեմ՝ դաս կլինի, որ այլևս անորակ կառուցումներ չլինեն, քանի որ Հյուսիս-հարավը մեզ համար դարի կառույց է, պետք է զգույշ, տնտեսվար վերաբերմունք պետք է ցուցաբերենք, քանի որ, օրինակ՝ Արարատի հատվածը շատ վատ վիճակում է»,- եզրափակեց Սերգեյ Բագրատյանը։

Նախարարն էլ, համաձայնելով պատգամավորի հետ, հավելեց, որ որոշ տեղերում երաշխիքային պայմաններով վերանորոգում է ընթանում:

 

ՀեղինակԱնի Օհանյան