Սերժ Սարգսյանը ոչ իր կամքով բացարձակ միահեծան իշխանություն ունի, ինչը և՛ լավ է, և՛ վատ. Վիգեն Խաչատրյան
Հասարակական, քաղաքական գործիչ, նախկին ԳՄ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում չբացառեց, որ եթե ֆորմալ ընդդիմություն համարվող ԲՀԿ-ին կոալիցիոն առաջարկություն անեն առաջիկա քաղաքական վերադասավորումների ժամանակ, վերջինս կհամաձայնի: Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ կարևոր խնդիրը պատասխանատվության հարցն է. «Այս դրվածքը մինչև չփոխվի, պատասխանատվության խնդիր մեջտեղ չգա, կունենանք այն, ինչ այսօր ունենք»: Ըստ Խաչատրյանի՝ երբևիցե ՀՀ-ի որևէ պետության ղեկավար այս աստիճանի պատասխանատվության տակ չի հայտնվել, ինչպես Սերժ Սարգսյանն է, ընդ որում՝ ոչ թե ինքն է դա ցանկանում, այլ այդպես է ստացվել: «Որովհետև որևէ դիմադրություն չունի Սերժ Սարգսյանը, բացարձակ միահեծան իշխանություն ունի: Դա և՛ լավ է, և՛ վատ։ Իմիջիայլոց, վատ է, որովհետև սխալները կարող են դառնալ անդառնալի և մեծ գնով կարող ենք վճարել։ Սակայն կա նաև հնարավորություն արագացնել բարելավման ընթացքը»,-ասաց նա:
- Պարո՛ն Խաչատրյան, կեսլուրջ-կեսկատակ հայտարարում եք, թե Հայաստանը երբեք այսքան ուժեղ ու ֆինանսապես հարուստ ընդդիմություն չի ունեցել, ինչպես այսօր է՝ նկատի ունենալով ԲՀԿ-ին, բայց այսօր որոշ վերլուծաբաններ հավանական են համարում իշխանության առաջիկա վերակազմավորմամբ ԲՀԿ-ի կոալիցիոն համագործակցությունը ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ: Որքանո՞վ եք դուք հավանական համարում նման վերադասավորումները:
-Պաշտոնականի մասին է խոսքը. պաշտոնապես ՀՀ-ում ընդդիմությունը հայտարարվել են ԲՀԿ-ն և «Ելք»–ը, ճի՞շտ է։ Եվ եթե այսօր ասենք, թե ԲՀԿ-ն թույլ կառույց է՝ ազնիվ չենք լինի, որովհետև ԲՀԿ-ն և՛ ցանցային կառույց ունի, և՛ գումար ունի, և՛ ամենն, ինչ ընդդիմությունը պետք է ունենա: Հիմա, թե այդ ուժեղ ընդդիմությունն ինչ որակի է, իրենց խնդիրն է, և հասարակությունը պետք է իր գնահատականն ունենա: Ինչ վերաբերում է իշխանության վերադասավորմանը՝ որևէ բան բացառել, ինչպես ասում են, չի կարելի։ Ենթադրում եմ, որ եթե գործող ընդդիմությանը ֆորմալ կոալիցիոն առաջարկություն անեն՝ հնարավոր է համաձայնեն: Ուղղակի այդ ժամանակ պետք է նոր ընտրություն հայտարարվի անմիջապես խորհրդարանական, որովհետև եթե դու խորհրդարանականին գնում ես մի կարգախոսով և հետո այլ վարքագիծ ես դրսևորում, պետք է նոր ընտրություն, կառավարություն ձևավորվի: Եթե որևէ քաղաքական ուժ գնում է ընտրության՝ հայտարարելով, որ ինքն այլընտրանք է, որ այս իշխանությունների փոխարեն ուրիշ քաղաքականություն կվարեր, և հանկարծ այդ բոլորից հրաժարվում է, ուրեմն պետք է իրենց մանդատները դնեն և ասեն` «ներողություն, մենք փոխել ենք մեր տեսակետը, նոր ընտրություն կլինի և դուք կորոշեք»։ Այստեղ լուրջ խնդիր կա, իհարկե:
-Տրամաբանությամբ՝ այո, բայց գործող սահմանադրությունը նման արգելք չի դնում, և իրեն ընդդիմություն հայտարարած քաղաքական ցանկացած ուժ նաև առանց ընտրությունների կարող է տեղափոխվել իշխանական դաշտ:
-Դե, եթե թույլ է տալիս, ես չեմ խորացել այդքան, ուրեմն կարող են, եթե օրենք չեն խախտում, ոչինչ չես կարող ասել:
-Եթե հնարավոր համարում եք ՀՅԴ-ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիոն իշխանության ձևավորումը, կարծում եք դա ձեռնտու կլինի՞ իշխող ՀՀԿ-ին` ընդդիմադիր դաշտում միայն «Ելք»–ին թողնելու առումով:
-Խնդիրն այն է, որ մենք ունենք իշխանության մի որակ, երբ ենթադրում են, թե իշխանությունը նրա համար է, որպեսզի դասավորվի իրենց կյանքը, նոր արդեն զբաղվեն հասարակական հարցերով: Այս դրվածքը մինչև չփոխվի, պատասխանատվության խնդիր մեջտեղ չգա, կունենանք այն, ինչ այսօր ունենք:
-Ի տարբերություն հնարավոր կոալիցիայի` շատ ավելի բուռն է քննարկվում այն հարցը, թե 2018թ-ից հետո, ի վերջո, ով կլինի ՀՀ վարչապետ՝ Սերժ Սարգսյանը, թե՞ Կարեն Կարապետյանը:
-Գիտեք, այդ խնդրի ձևական կողմը կա։ Հայտարարվել է, որ մենք անցնում ենք խորհրդարանական համակարգի, ընդունվել է նոր Սահմանադրություն, և խորհրդարանի մեծամասնությունն իրավասու է իր ցանկացած մարդուն նշանակել վարչապետ, որը կլինի պետության ղեկավար, եթե օրենքը այդպիսին է՝ պետք է համբերենք իր կիրառումն ունենա: Հիմա կոալիցիոն կլինի, թե միակուսակցական, բոլոր հնարավորությունները տրված են օրենքով, տեսնենք` ինչ զարգացում կլինի: Քաղաքական պատասխանատվությունը մեծամասնությունն ընդամենը պետք է իր վրա վերցնի, և իրենք էլ մտածեն: Քննարկումները հրապարակավ չեն լինի, բայց մեկնաբանությունները հրապարակավ կլինեն: Բայց, որպես այդպիսին, որակական փոփոխություն իշխանության այդ մասով ես չեմ սպասում:
-Պարո՛ն Խաչատրյան, ասում եք, թե պետք է դրվածք փոխվի, դուք այսօր տեսնո՞ւմ եք թեկուզ չնչին, բայց որոշակի տեղաշարժ:
-Դրանք ֆորմալ երևույթներն են, տեղաշարժը պետք է տեղի ունենան հասարակական մտածելակերպում, որը կա։ Սակայն կարծում եմ, որ նոր մտածողության մարդիկ դեռևս բավարար չափով որակ չեն կազմում, որպեսզի որակական փոփոխություն լինի վերնախավում: Անշուշտ, տեղի ունենում է փոփոխություն՝ հասարակությունը փոխվում է, տնտեսությունը նոր կառուցվածք է ստանում: Բայց, ըստ երևույթին, այն հույսը, որ լուսավորյալ կառավարիչներն առաջ կմղեն տնտեսությունն ու պետությունը՝ չարդարացվեց և արդեն մենք մտնում ենք երկարատև զարգացման փուլ։ Կարծում եմ, այս անբավարար վիճակը, որ կա, ըստ երևույթին, երկար է տևելու և դառը պտուղներ շատ ենք քաղելու: Բայց դա հոռետեսություն չի, տեղի է ունենում այն, ինչը բնական զարգացմանն է բնորոշ:
-Այսինքն՝ հնարավո՞ր էր ավելի արագ զարգացում ապահովել, բայց ընտրեցինք դանդաղ բնականոն ընթա՞ցք:
-Ես կարծում եմ, որ կարելի էր ավելի մեծ արդյունքի հասնել և հավասարապես կարող էինք ավելի խայտառակ վիճակում լինել, եթե օբյեկտիվորեն ենք խոսում: Այնպես որ, այս վիճակը ողբերգական չէ։ Իհարկե, ծանր է շատ, բայց ես լավատեսորեն եմ նայում: Խնդիրն այն է, որ որևէ դիմադրություն այսօրվա իշխանությունը չունի, բացարձակ միանձնյա, միահեծան իշխանություն է և ամբողջ պատասխանատվությունն այսօր ընկնում է իրենց վրա։ Խանգարող չկա ընդհանրապես, բոլորը համակերպվել են, հպատակվել են, հետևաբար, ամբողջը Սերժ Սարգսյանինն է։ Ինչպես Մանվել Գրիգորյանն ասաց` և՛ նալն է քո ձեռքը, և՛ մուրճը, և՛ մեխը: Դժբախտաբար, այդպես է։ Հետևաբար, սա քաղաքական կոչվող այս ուժերին էլ ձեռք է տալիս, ովքեր վաղը կասեն` «մենք ո՞վ էինք, որ Սերժ Սարգսյանն այդպես ուզեց, այդպես ստացվեց»: Այսինքն՝ պատասխանատվությունից խուսափելու լավագույն ձևը առաջնորդ հայտարարելն է, որ ասեն` մենք ի՞նչ անենք, որոշողն ինքն էր: Ուրեմն, սարսափելի մեծ պատասխանատվության տակ է հայտնվել Սերժ Սարգսյանը, և երբեք ՀՀ որևէ պետության ղեկավար այս աստիճանի պատասխանատվության տակ չէր հայտնվել։ Հարցն այն է, որ ոչ թե ինքն է դա ցանկանում, այլ այդպես է ստացվել և հետագա ամբողջ զարգացումը կախված է արդեն իրենից:
-Բայց ո՞վ է մեղավոր, որ պատասխանատվության հարցն ընկել է միայն մեկ մարդու վրա:
-Հարցն այն է, որ այս մարդը հանրային մտածողության արդյունք է, և դժվար է վերցնել ու ասել` ստացվեց: Այդ հանրային մտածելակերպը չի էլ վերաբերում ամեն մի քաղաքացու. կան գործարարներ, կառավարիչներ, հանրության տարբեր շերտեր, և հիմա պետք է հակառակ պրոցեսը սկսվի՝ պատասխանատվությունը պետք է տեղափոխվի հասարակության վրա: Սրանք բարդ խնդիրներ են։ Ես ենթադրում եմ, որ սպառված չեն հնարավորությունները, որ վիճակն աստիճանաբար բարելավվի: Սերժ Սարգսյանն ինքն էլ մի առիթով հայտարարեց, որ երկարատև պրոցես է լինելու՝ բարելավման խնդիրը լուծելու: Օբյեկտիվորեն, երևի, ճիշտ է ասում։ Այն աստիճանի է խորացել այլասերվածությունը ցանկացած բնագավառում, որ կտրուկ կարող են բերել երկիրը ցնցումների, որը ցանկալի չէ, վտանգավոր է: Կապրենք՝ կտեսնենք, ժամանակի խնդիր է։ Եթե Սերժ Սարգսյանը տեսնում է որևէ անձի, ով ի զորու է այս պատասխանատվությունը վերցնել և շարունակել, կարծում եմ, իշխանությունը կփոխանցվի այդ մարդուն։ Եթե ինքը համոզված չլինի դրանում՝ կպահի իշխանությունը և, հետևաբար, կշարունակի ավելի մեծ պատասխանատվության տակ հայտնվել այդ քայլով: Իսկ թե դա ինչի կբերի, ես չեմ կարող ասել: Երբևիցե ՀՀ-ի որևէ պետության ղեկավար, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, պետության առաջին դեմքը երբևիցե այս աստիճանի պատասխանատվության տակ չի հայտնվել։ Ինչու, որովհետև Սերժ Սարգսյանը որևէ դիմադրություն չունի, բացարձակ միահեծան իշխանություն ունի: Դա և՛ լավ է, և՛ վատ, իմիջիայլոց: Վատ է, որովհետև սխալները կարող են դառնալ անդառնալի և մեծ գնով կարող ենք վճարել։ Կա նաև հնարավորություն արագացնել բարելավման ընթացքը. կապրենք, կտեսնենք`կլինի դա, թե ոչ:










