Ուկրաինայի դատախազությունը պահանջել է կալանավորել Ավակովի որդուն
Ուկրաինայի հակակառուպցիոն դատախազությունը բողոքարկել է ուսապարկերի գնման գործում ներգրավված անձանց խափանման միջոցի մասին որոշումը: Գործում ներգրավված է նաև Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդին՝ Ալեքսանդրը: Այդ մասին ասված է Facebook-ում տեղադրված գերատեսչության հաղորդագրությունում:
Կասկածյալներն ազատ էին արձակվել երկրից չհեռանալու պայմանով:
Դատախազությունն այդ միջոցը չափազանց մեղմ է համարում և պահանջում կալանավորել գործում ներգրավվածներին:
Բողոքն ուղարկվել է Կիևի վերաքննիչ դատարան:
Ալեքսանդր Ավակովը կակածվում է 2015 թվականին ՆԳՆ-ի կողմից ուսապարկերի գնման ժամանակ մոտ 520 հազար դոլարի յուրացմանը ներգրավվածության համար: Գործով անցնում է ևս երկու մարդ, նրանցից մեկը ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ Սերգեյ Չեբոտարն է:
ՆԳՆ-ում գործն անվանել են քաղաքական և նախարարի ու նրա ընտանիքի վարկաբեկմանն ուղղված:










