Թրամփի ավտոշարասյանը միջնամատ ցույց տված ամերիկուհուն ազատել են աշխատանքից

10:36 • 07.11.17

Օրեր առաջ համացանցում տարածվել էր ամերիկուհի Ջուլի Բրիսկմանի լուսանկարը, որում կինը հեծանվով անցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան կողքով ու նրա նկատմամբ անհարգալից ժեստ անում՝ ցույց տալով միջնամատը:

Այժմ The Guardian-ը տեղեկացնում է, որ կնոջն այդ արարքի համար հեռացրել են աշխատանքից:

Բրիսկմանի խոսքով՝ ինքն այդպիսով ցանկացել է ցույց տալ, թե ինչ վերաբերմունք ունի 71-ամյա Թրամփի վարած քաղաքականության նկատմամբ:

«Նա անցնում էր կողքովս, արյունս սկսեց եռալ: Այդ պահին սկսեցի մտածել երկրից վռնդվող ներգաղթյալների, «Օբամաքերը» չեղարկելու փորձերի, հոսանքազրկված Պուերտո Ռիկոյի մասին: Եվ այդ ամենի ֆոնին նա գնում էր նորից իր գրողի տարած գոլֆը խաղալու»,- մեկնաբանել է կինը՝ հավելելով, որ Թրամփին ուղղված միջնամատը մի քանի անգամ է ցույց տվել:

Ի դեպ, նրա անհարգալից ժեստը ֆիքսել է նախագահի լուսանկարիչը, ինչից հետո ուշագրավ կադրը կայծակնային արագությամբ տարածվել է համացանցում:

Դրանից հետո մարքեթինգային ոլորտի մասնագետ Բրիսկմանին կանչել է Akima ընկերության տնօրինությունն ու հայտնել աշխատանքից հեռացնելու որոշման մասին: Ընկերությունը նշել է, որ աշխատակցի պահվածքը կարող է վնասել իրենց՝ կառավարության հետ պայմանագրեր կնքելու հարցում: