Թրամփը Կոնգրեսից 4 մլրդ դոլար է խնդրել Հս. Կորեայից պաշտպանվելու համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով հյուսիսկորեական սպառնալիքի ֆոնին ավելացնել երկրի պաշտպանական բյուջեն:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին ուղղված կոչում 71-ամյա ղեկավարը հավելյալ 4 մլրդ դոլար է խնդրել հակահրթիռային համակարգերի պահպանման ու Հյուսիսային Կորեայի ներկայացրած վտանգին դիմակայելու նպատակով պաշտպանությունը կատարելագործելու համար:
Եվս 700 մլն դոլար Թրամփը խնդրել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ջոն Մաքքեյն» և «Ֆիցջերալդ» ավիակիրների վերանորոգման համար: Մինչդեռ Հարավային Ասիայում ամերիկյան ռազմավարության իրագործման համար Թրամփը պահանջել է 1.2 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները խիստ լարվել են Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռների արձակումներից ու ջրածնային ռումբի փորձարկումից հետո: Ավելի վաղ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից հայտարարել էր, որ եթե Հյուսիսային Կորեան չդադարեցնի միջուկային ու հրթիռային ծրագրերը, ԱՄՆ-ն ամբողջովին կոչնչացնի այդ երկիրը: Մինչդեռ Հյուսիսային Կորեան հակադարձել էր՝ նշելով, որ միջուկային ու հրթիռային ծրագրերն ամերիկյան ագրեսիայից պաշտպանվելու միակ միջոցն են:










