Նստել ԱԺ տաքուկ գրասենյակներում, 600-700 հազար աշխատավարձ ստանալ ու քննարկել բանակ գնալ-չգնալու հարցը, լուրջ գործ չէ. քաղաքագետ (տեսանյութ)

19:01 • 08.11.17

Իշխանությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի վերարտադրվի: Սա քաղաքական աքսիոմա է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը`նշելով, որ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողներն այդ ժամանակ ընդդիմանում էին՝ նկատի ունենալով այն, որ կվերարտադրվի Սերժ Սարգսյանի անձնական իշխանությունը:

«ՀՀԿ-ն մեծամասնություն է: ՏԻՄ ընտրություններով են պայմանավորված ՀՀԿ ցուցանիշները համապետական ընտրություններում, իսկ ընդդիմությունը սրան ականջալուր չի լինում: Հաղթում է ընտրություններում մի կուսակցություն, որի ղեկավարը իշխանության ղեկին է: Սահմանադրական փոփոխությունները լինեն, թե ոչ, եթե Սերժ Սարգսյանը ցանկանար, որ իր անձնական իշխանությունը վերարտադրվեր, կազմակերպելու էր՝ հաղթելով խորհրդարանական ընտրություններում:

Եթե Սերժ Սարգսյանը Հայաստանում թիվ մեկ կուսակցության ղեկավարն է, հետևաբար, նա պետք է լինի այդ քաղաքական համակարգի գլխավոր դերակատարը: Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը կասեցնելու համար պետք է ունենալ մի կուսակցություն, որը կհաղթի ՏԻՄ ընտրություններում, ոչ թե չի մասնակցի»,- մանրամասնեց Նարեկ Սամսոնյանը:

Քաղաքագետն ասաց, որ ՀՀԿ-ն, քանի դեռ չունի այլընտրանք, իսկ քաղաքական դաշտն ապացուցում է, որ ՀՀԿ-ին այլընտրանք չկա՝ չմասնակցելով ընտրություններին, մնալու է իշխանության:

«Քաղաքականությունը տեղի է ունենում ու ունենալու է կուսակցության ներսում: Հայաստանում պարտադրված է այս մոդելը: Եթե փոփոխություն են ուզում, չեն ուզում, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը վերարտադրվի, թող գնան ՀՀԿ-ական դառնան, փորձեն ՀՀԿ ներսում լիդեր ստեղծել ու դառնալ նախագահ»,- ասաց Սամսոնյանը:

Քաղաքագետի խոսքով՝ ընդդիմությունն ինքն իրեն վերացրել է, որովհետև ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում ու հաջողություններ չի գրանցում, որովհետև եթե քաղաքական ուժը չունի գյուղապետի թեկնածու, չի կարող հաղթել նախագահական ընտրություններում:

«Եթե ուզում են քաղաքականությամբ զբաղվել, լինել հակակշիռ գործող իշխանությանը, ուրեմն պետք է քաղաքականությամբ զբաղվել բոլոր տեղերում: Նստել ԱԺ տաքուկ գրասենյակներում, 600-700 հազար աշխատավարձ ստանալ ու խոսել՝ բանակ գնալ-չգնալու մասին, լուրջ գործ չէ: Քաղաքացիները թքած ունեն դրա վրա, իրենց դա չի հետաքրքրում, մարդկանց հետաքրքիր է, թե ով է լինելու իրենց համայնքապետը, որ լոկալ, տեղային խնդիրները լուծի: Քաղաքացին քեզ չի վստահի, եթե դու չունես համայնքապետի թեկնածու, ինչքան էլ համոզես, որ ոտքերդ ամպոտ են»,- ասաց նա՝ նշելով, որ նկատի ունի խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր բոլոր ուժերին:

Սամսոնյանը նշեց, որ նկատի չունի «Ծառուկյան» դաշինքին, որը ընդդիմադիր ուժ չէ, այն «տրոյական ձի է» ընդդիմության մեջ:

«Ծառուկյանը բազմիցս ապացուցել է, որ ինքը հպարտ է, որ ինքը ընդդիմության մեջ կանգնած է, ու պետք եղած ժամանակ տրոյական ձիուց դուրս կգան իշխանական գործիչներ: Ծիծաղելի է նրանց այդ քննադատությունը, ձևական է, մարդկանց, ժողովրդի անունից խոսում են: «Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ի ֆիլիալն է, ՀՀԿ-ից տասն անգամ ցածր քաղաքական կշիռ ունեցող մարդկանցով: Անլուրջ է նրանց ընդդիմադիր համարելը»,- նշեց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ 2018թ.-ից «Ծառուկյան» դաշինքը իշխանական կոալիցիայի մասը դառնա, ապա Սամսոնյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանին այդպիսի կոնֆիգուրացիա ձեռնտու չի լինի: Միջազգային հանրությանը ցույց են տալիս, որ թվով ամենամեծ ընդդիմադիր ուժն է, որ քաղաքական մշակույթ է ձևավորվում և այլն: Այն, ինչ ՀՀԿ-ն ուզում է իրականացնել, կարող է անել առանց ԲՀԿ-ի էլ: Որտեղ ձայների 2/3-րդ է պահանջվում, ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու: Եթե գլխացավանք դառնա, կբամփեն, փորձ կա, պրակտիկա կա: Գագիկ Ծառուկյանը խելացի է, նա մի անգամ մտավ այդ ջուրը ու տեսավ, եթե ինչ կլինի, չեմ կարծում, որ նորից գլխացավանք կդառնա»:

Ըստ Սամսոնյանի`իմաստ չկա ԲՀԿ-ն իշխանության մաս դարձնել։ ԲՀԿ-ն, ըստ նրա, իշխանությանը հարկավոր է որպես ընդդիմություն:

Մանրամասները՝ տեսանյութում։