ՀՀ շուկայում ԳՁՕ են պարունակում լոլիկը, եգիպտացորենը և պղպեղը. Դավիթ Պիպոյան
Գետենետիկորեն ձևափոխված մթերքները 3 հիմնական խնդիրներ կարող են առաջացնել՝ բնապահպանական, գյուղատնտեսական, հանրային առողջապահական: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը: Նրա խոսքով՝ ԳՁՕ-ները վնասում են շրջակա միջավայրը, ավելին՝ ԳՁՕ-ով մթերք աճեցրած հողում չի կարող հետագայում լինել օրգանիկ գյուղատնտեսություն, քանի որ հողը վարակված է:
«Մեր երկրում գյուղատնտեսական պոտենցիալն ու մեր հողահանդակները մեզ հնարավորություն չեն տալիս զբաղվել լայնածավալ տրանսգենային սննդամթերքի արտադրությամբ: Պարզ է՝ մենք վաղը չեն կարող դառնալ եգիպտացորենի կամ սոյայի արտահանող երկիր, իսկ եթե այդ մթերքները պատրաստվում են մեր երկրում սպառել, ասեմ, որ որևէ նպատակ ու խնդիր, որ ՀՀ-ն անցնի տրասնգենային գյուղատնտեսության չեմ տեսնում: Սրանով թող զբաղվեն այն երկրները, որոնք ցանկանում են ինքնարժեքը նվազեցնել ու արտահանման ծավալները մեծացնել»,- ասաց նա:
Պիպոյանը նկատեց, որ 2018 թվականից գիտության ֆինանսավորումը կրճատվելու, ինչը հանգեցնելու է հետազոտությունների ու փորձաքննություններ անելու կատարելու դժվարացմանը: Նա շեշտեց, որ կան երկրներ, որտեղ արգելվում է տրանսգենային գյուղատնտեսությամբ զբաղվելը, այսինքն՝ այս երկրներում մերժվում է ԳՁՕ-ն, սակայն ՀՀ-օրենսդրական դաշտում նման կարգավորումներ չկա:
«Մեր երկրում կա, վաճառվում է ԳՁՕ պարունակող մթերքներ՝ լոլիկ, եգիպտացորեն, պղպեղ: Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ մեր երկրում հացահատիկը չի պարունակում ԳՁՕ: Ամեն տարի մեր սննդային սովորույթները վատանում են: Մեր շուկան ողողված է տրանս-ճարպեր պարունակող սննդատեսակներով, հաճախակի ենք օգտագործում գազավորված ըմպելիքներ, դրան էլ գումարվում է ԳՁՕ-ն: Բայց, հարկավոր է օրգանիզմը մաքրել թույներից, անել այնպես, որ մարդու օրգանիզմը շուտ չծերանա: Որոշ գիտնականներ պնդում են՝ ԳՁՕ-ն վնասակար է օրգանիզմի համար, որոշներն էլ շեշտում են՝ վնասակար չէ: Բայց, մի բան հաստատ է, որ ԳՁՕ-ն մարդու օրգանիզմին հաստատ օգուտ չի տալիս: Ներկրումն այլ բան է, ես չեմ ասում՝ թող ԳՁՕ պարունակող սնունդ չներկրեն մեր երկիր, քանի որ կան աշխարհահռչակ արտադրողներ, որոնց մթերքների ցանկում կան ԳՁՕ պարունակող տարրեր, բայց ես կարծում եմ՝ ՀՀ-ում պետք է արգելվի տրանսգենային գյուղատնտեսությունը»,-հավելեց Պիպոյանը՝ նկատելով,ո ր նման հագեցվածություն ունեցող մթերքները կարող են ալերգիկների համար նոր խնդիրներ առաջացնել:
Պարենային իրավունքի փորձագետը նկատեց, որ ՌԴ ունի հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է ԳՁՕ-ով հագեցած սնունդ լինել, սակայն դա չի անում: Դավիթ Պիպոյանը շեշտեց, որ «Մոնսանտո» ընկերությունը հետարքրքված է Հայաստանի շուկայով, նրա կարծիքով՝ անհրաժեշտ է զգոն լինել և ճիշտ որոշում կայացնել:
« ԳՁՕ պարունակող սննդատեսակները երբեմն կարելի է նաև առանց փորձաքննության տարբերակել: Օրինակ՝ ԳՁՕ պարունակող լոլիկի մեջ կարելի է նկատել, որ միջուկի աջ և ձախ կողմերը միմյանց նման են, իսկ եգիպտացորենի հատիկները շատ սիմետրիկ են, իրար շատ նման»,- եզրափակեց Դավիթ Պիպոյանը:










